Բաժին. Պաշտոնական

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԸՆԹՐԻՔ՝ Ի ՊԱՏԻՎ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ

Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերի և տիկին Մարգիթ Ֆիշերի՝ Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի անունից  երեկ՝ հունիսի 26-ին, տրվել է պաշտոնական ընթրիք:

Ընթրիքի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում գոհունակություն է հայտնել, որ Ավստրիայի զարգացման գործակալության կողմից Հայաստանն ընդգրկվել է համագործակցության համար առաջնահերթ երկրների ցանկում, և առաջիկայում համատեղ ծրագրեր կիրականացվեն գյուղատնտեսության և վերականգնվող էներգիայի ոլորտներում: «Համագործակցությունը զարգացնելու համար լուրջ ակնկալիքներ ունենք նաև մշակույթի, կրթության, առողջապահության, զբոսաշրջության ոլորտներում»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Ավստրիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ հրավերի ու ջերմ հյուրընկալության համար և իր նշել. «Այսօր մենք ունենք ավելի քան քսան տարի գոյություն ունեցող երկկողմ հարաբերություններ: Հայաստանը 1993թ. հարավկովկասյան առաջին պետությունն էր, որը Վիեննա գործուղեց իր դեսպանին, ինչը մենք շատ բարձր ենք գնահատում: Ավստրիան նույնպես վերջին տարիներին մշտապես ընդլայնել է իր ներկայությունը Հայաստանում: Իմ պատվիրակության կազմում ժամանել են նաև ավստրիական բազմաթիվ ձեռնարկությունների ներկայացուցիչներ՝ նոր կապեր հաստատելու և նորանոր գործընկերներ գտնելու նպատակով: Կուզենայի այս պատեհ առիթով նաև հայ գործարարներին կոչ անել՝ օգտագործելու Ավստրիայի տնտեսության առավելությունները»:

Share