Բաժին. Պաշտոնական

ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻԻՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ

Հուլիսի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԻԻՀ ՆԳ նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջջարի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման շրջանակներում ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ  ԻԻՀ ՆԳ նախարարի այցն էլ ավելի կամրապնդի հայ-իրանական բարեկամական հարաբերությունները: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է փոխշահավետ համագործակցությունը հարեւան եւ բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ եւ  գոհունակությամբ փաստել, որ հայ-իրանական փոխգործակցությունը շարունակում է զարգանալ բոլոր բնագավառներում, ինչը  վկայում է երկու երկրների միջեւ առկա բարեկամական եւ գործնական կապերն էլ ավելի խորացնելու երկուստեք վճռականության մասին:

ԻԻՀ ՆԳ նախարարը կարեւորել է երկու երկրների համագործակցության խորացումը բոլոր ուղղություններով: Նա անհրաժեշտ է համարել տնտեսական փոխգործակցության ակտիվացումը, ինչը չի համապատասխանում քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին:Պարոն Նաջջարի խոսքով` Հայաստանի եւ Իրանի միջեւ փոխշահավետ համագործակցության կարեւոր ուղղություններից է նաեւ Հայաստանի մարզերի եւ Իրանի նահանգների միջեւ համագործակցության ընդլայնումն ու խորացումը, ինչը թույլ կտա խթանել առեւտրատնտեսական փոխգործակցությունը:

Երկուստեք կարեւորվել է ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, շեշտվել է միջխորհրդարանական գործակցության հետագա զարգացումը:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

Share