Բաժին. Պաշտոնական

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Հուլիսի 18-ին ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպան Ռայներ Մորելին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով հյուրին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիներին հայ-գերմանական քաղաքական երկխոսությունը և բազմաբնույթ համագործակցությունը զարգանում են դինամիկ կերպով, ինտենսիվ բարձրաստիճան փոխայցելություններ են կատարվում: ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ դեսպան Մորելն իր ներդրումը կունենա Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ գործընկերության առավել ամրապնդման եւ ընդլայնման գործում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Մորելը բարձր է գնահատել Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ հաստատված փոխգործակցությունը եւ վստահեցրել, որ ջանքեր կգործադրի փոխհարաբերությունների սերտացման ուղղությամբ:
Նախարար Նալբանդյանն ու դեսպան Մորելը քննարկել են քաղաքական, տնտեսական, մշակութային եւ կրթական բնագավառներում համագործակցության ընդլայնման հեռանկարները:

Զրուցակիցները անդրադարձել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը` Արևելյան Գործընկերության նախաձեռնության շրջանակներում:

Հանդիպմանը, որպես երկկողմ փոխգործակցության կարեւոր բաղադրիչ, գոհունակությամբ նշվել է Աֆղանստանում գերմանական զորախմբի կազմում հայ խաղաղապահների ծառայության մասին:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Մորելը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային մի շարք խնդիրներ:

Share