Բաժին. Պաշտոնական

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՐԱՆԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԻՆ

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մոհամադ Ռեյիսին: Ինչպես տեղեկացնում են նախարարության Մամուլի ծառայությունից՝ հանդիպման շրջանակներում դեսպանը շնորհակալություն է հայտնել դատապարտյալների հանձնման հարցում Հայաստանի կառավարության որդեգրած դիրքորոշման համար: Նախարարից դեսպանը խնդրել է այս պահին Հայստանում պատիժ կրող Իրանի քաղաքացիների ցանկը: Նա հույս է հայտնել, որ մեր երկրի կողմից պարբերաբար ցուցաբերվող բարի կամքի դրսևորումը իրանցի դատապարտյալներին հայրենիք վերադարձնելու գործում շարունակական կլինի:

Կողմերն անդրադարձել են «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դատապարտյալների փոխանցման մասին» բանակցային փուլերն անցած և առաջիկայում կնքվելիք համաձայնագրին: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դեռ 2006-ից գործում են Թեհրանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև քաղաքացիական և քրեական գործերով իրավական համագործակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հանձնման մասին» համաձայնագրերը:

Դեսպանը կարևորել է այն հանգամանքը, որ մեր ժողովուրդներն իրար հանդեպ խորթություն չեն զգում, և շեշտել, որ Իրանի հայ համայնքը մեծ հարգանք է վայելում:

ՀՀ արդարադատության նախարարը նշել է, որ վստահ է, որ մեր երկրների միջև անլուծելի խնդիրներ չեն լինի: «Վստահ եմ, որ միշտ էլ երկողմմանի շահեկան լուծումներ կարող ենք գտնել», – հավելել է նախարարը՝ հույս հայտնելով, որ նորանշանակ դեսպանի առաքելությունն այդ ուղղությամբ նոր էջ կլինի:

Share