Բաժին. Պաշտոնական

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Փարիզում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև արտերկրում ֆրանսիացիների հարցերով նախարար Էլեն Կոնվայ-Մուրետը:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է, որ այս հանդիպումը լավ առիթ է ամփոփելու երկկողմ հարաբերությունների ձեռքբերումները և նոր ազդակ հաղորդելու հայ-ֆրանսիական համագործակցությանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Ֆրանսիան և Հայաստանը ունեն առանձնաշնորհյալ հարաբերություններ, որոնք խարսխված են ավանդական բարեկամության վրա: Նա հավելել է, որ դիվանագիտական հարաբերությունների քսանամյա պատմության ընթացքում փոխհարաբերությունները վերընթաց զարգացում են ապրել. երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակի մի քանի տասնյակ փոխայցելություններ են տեղի ունեցել՝ ներառյալ Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների փոխադարձ պետական այցելությունները:

«Երկու երկրների միջև այսօր առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ձևավորված է լայն իրավապայմանագրային դաշտ, միջխորհրդարանական, ապակենտրոնացված ինտենսիվ կապեր: Ֆրանսիական ընկերությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունում ծավալով երկրորդն են. գործում է ֆրանսիական կապիտալի մասնակցությամբ 160 ընկերություն բանկային, հեռահաղորդակցության, ագրոարդյունաբերության և այլ բնագավառներում: Ակտիվ համագործակցություն է ընթանում մշակութային և գիտակրթական ոլորտներում», – ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը:

Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները անդրադարձել են տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին: Զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ: Այս ենթատեքստում նախարարները գոհունակությամբ արձանագրել են, որ մի շարք միջազգային հարցերի վերաբերյալ Հայաստանի և Ֆրանսիայի դիրքորոշումները համընկնում են: Էդվարդ Նալբանդյանն ու Լորան Ֆաբիուսը մտքեր են փոխանակել միջազգային կազմակերպություններում հայ-ֆրանսիական համագործակցության շուրջ:

Նախարարները քննարկել են նաև Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները և այդ շրջանակներում իրականացվող ծրագրերը: Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Ասոցացման համաձայնագրի, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ ընթացող բանակցություններում արձանագրված առաջընթացը, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման բանակցությունների ընթացքը:

Անդրադարձ է կատարվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում փոխգործակցությանը:

Բանակցությունների օրակարգում էր արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Էդվարդ Նալբանդյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի կառուցողական ներգրավվածությունը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու բանակցությունները, հասնելու հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ, անդրադարձ է արվել Իրանի միջուկային ծրագրին, Միջին Արևելքի զարգացումերին: Էդվարդ Նալբանդյանը Լորան Ֆաբիուսին հրավիրել է այցելել Հայաստան:

Share