Բաժին. Պաշտոնական

ՊԵԿ. ԿԱՆԽՎԵԼ ԵՆ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԴԵՊՔԵՐ

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) շարունակում է հետևողական վերահսկողություն իրականացնել հարկային ոլորտում, մասնավորապես, ապօրինի գործունեություն ծավալողներին հայտնաբերելու ուղղությամբ: 

Ինչպես տեղեկացնում են ՊԵԿ-ի Մամուլի ծառայությունից` օպերատիվ հետախուզության վարչության հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցներն օրերս հարկային դաշտից դուրս գործող հանրային սննդի և զվարճանքի օբյեկտ, ատամնաբուժարան ու չդրոշմավորված օղու վաճառքի դեպքեր են բացահայտել: Պարզվել է, որ հանրային սննդի և զվարճանքի ապօրինի կետը գործել է Բաղրամյան 1/1 հասցեում, որի գործունեությունը կազմակերպել էր Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ Սամվել Խուդոյանը: Նշված մյուս դեպքերն էլ հայտնաբերվել են Մխչյան գյուղում:  Պարզվել է, որ գյուղի բնակիչ Ավետ Պողոսյանն, առանց համապատասխան լիցենզիայի և պետական գրանցման, ատամնաբուժական ծառայություն է մատուցում բնակիչներին, իսկ «Ջոնաշ.Մ» մթերային խանութում վաճառվում են չդրոշմավորված օղիներ:  

Օպերատիվ հետախուզության վարչության 17-րդ բաժնի աշխատակիցները նաև  Երևան-Սևան մայրուղու սկզբնամասում ապօրինի գիշերային ակումբ են հայտնաբերել: Պարզվել է, որ անօրինական ձեռնարկատիրական գործունեությունն իրականացրել է Երևանի բնակիչ Էրվին Մելիքյանը:

Մեկ այլ դեպքով էլ Աբովյան քաղաքում հայտանբերվել է շշերի ընդունման կետի ապօրինի գործունեություն:

Ընդհանուր առմամբ, ՕՀՎ 17-րդ բաժնի կողմից վերջերս բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 10 դեպք, որի արդյունքում կազմվել են համապատասխան վարչական ակտեր և լրացուցիչ գանձման է առաջադրվել շուրջ 3 միլիոն դրամի հարկային պարտավորություն: 

Share