Բաժին. Պաշտոնական

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԻՏԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Օգոստոսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Իտալիայի ԱԳՆ պետքարտուղար Մարտա Դասսուի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ հայ-իտալական բարեկամական կապերը դարերի պատմություն ունեն և լավ հիմք են հանդիսանում արդյունավետ ու բազմոլորտ համագործակցություն ծավալելու համար, և գոհունակությամբ ընդգծել է վերջին տարիների ընթացքում տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության խորացումը և զարգացումը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մարտա Դասսուն ասել է, որ ուրախ է այցելել Երևան քննարկելու երկկողմ համագործակցության առավել զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

Նախարար Նալբանդյանն ու պետքարտուղար Դասսուն կարևորել են անցյալ տարեվերջին ՀՀ Նախագահի այցելությունը Իտալիա և այդ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել խորհրդարանական դիվանագիտության դերին հայ-իտալական հարաբերությունների զարգացման գործում:

Կողմերը քննարկել են նաև առևտրատնտեսական, գիտական, մշակութային և զբոսաշրջային ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Էդվարդ Նալբանդյանն ու Մարտա Դասսուն կարևորել են նաև ապակենտրոնացված համագործակցության դերը երկկողմ հարաբերություններում:

Հանդիպմանը քննարկվել է նաև Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության ներկա ընթացքը, այդ բնագավառում նախատեսվող զարգացումները:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Իտալիայի ԱԳ պետքարտուղարին ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Նախարար Նալբանդյանն ու պետքարտուղար Դասսուն քննարկել են նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի մի շարք հարցեր:

Share