Բաժին. Պաշտոնական

ԴԵՍՊԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԵՐԿՐՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ Է

Օգոստոսի 27-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունել է Հայաստանում Ավստրիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալոիս Կրաուտին(նստավայրը՝ Վիեննա)՝ հավատարմագրերի պատճենի հանձման կապակցությամբ: Շնորհավորելով հյուրին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ հարաբերությունները էլ ավելի կզարգանան և կամրապնդվեն:

Դեսպան Կրաուտը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հավաստիացրել, որ ջանք չի խնայի հայ-ավստրիական հարաբերությունների ամրապնդման և որակական նոր մակարդակի բարձրացման համար:

Զրույցի ընթացքում նախարար Նալբանդյանը նշել է, որ հունիսին կայացած Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի պաշտոնական այցը և երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները նոր լիցք են հաղորդում երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը:

Հանդիպմանը գոհունակությամբ նշվել է, որ Ավստրիայի զարգացման գործակալության կողմից Հայաստանը ներգրավվել է համագործակցության համար առաջնահերթ երկրների ցանկում, և առաջիկայում մի շարք ծրագրեր են նախատեսված իրականացման համար:

Զրույցի ընթացքում քննարկվել են փոխգործակցության գիտակրթական և մշակութային բնագավառներում փոխանակումների ակտիվացման նպատակով ձեռնարկվող քայլերը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել  նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին, տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրներին:

Share