Բաժին. Պաշտոնական

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2012-2016ԹԹ. ԾՐԱԳԻՐԸ

Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ Վճռաբեկ դատարանում աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. միջոցառումների ծրագրի իրականացման հեռանկարի կապակցությամբ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ Արդարադատության խորհրդի անդամներ, բարձրագույն դատական ատյանի և դատական իշխանության այլ ներկայացուցիչներ:

Դատական իշխանության ներկայացուցիչներին ներկայացվել են Հանրապետության ղեկավարի հանձնարարությամբ Նախագահի աշխատակազմում ուսումնասիրված՝ վերջին հինգ տարում կարգապահական քաղաքականության իրականացման օրինաչափությունները, արձանագրված դրական և բացասական միտումները: Նշվել է, որ վերջին երկու տարվա ընթացքում ՀՀ Արդարադատության խորհրդի գործունեության մեջ նկատվում է որոշակի դրական միտում, որը նախևառաջ կապված է կարգապահական քաղաքականության խստացման հետ: Սակայն, այս փաստի արձանագրման հետ մեկտեղ, հատուկ ընդգծվել է, որ քննարկված քաղաքականության խստացումը ըստ էության կարող է դրական գնահատվել միայն այն դեպքում, երբ դրա հիմքում ընկած են իրավասու մարմնի գործունեության օբյեկտիվ, կանխատեսելի և միասնական չափանիշներ: Այդ տեսանկյունից վերջին հինգ տարիների ընթացքում արձանագրված խնդիրները դարձել են քննարկման առարկա:

Աշխատանքային հանդիպման արդյունքներով առանձնացվել են ՀՀ Արդարադատության խորհրդի գործունեության հիմքում դրվելիք առանցքային դրույթները, որոնց կենսագործումը կերաշխավորի հասարակության առջև դատավորների հաշվետվողականության սկզբունքի իրացումը:

Դատական իշխանության ներկայացուցիչներին ուղղված իր խոսքում Նախագահ Սերժ Սարգսյանը, ընդգծելով ս.թ. հունիսին հաստատված ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. միջոցառումների ծրագրի որակյալ և սահմանված ժամկետներում կատարելու կարևորությունը, նշել է, որ բարեփոխումների առանցքային նպատակներից մեկն էլ մեր հասարակությանը հուզող դատավորների անկախության և հաշվետվողականության միաժամանակյա ապահովումն է: Նախագահի խոսքով, այս գործում չափազանց կարևոր է ՀՀ Վճռաբեկ դատարանի, Դատական դեպարտամենտի և, իհարկե, ՀՀ Արդարադատության խորհրդի, հանդիպման մասնակիցներից յուրաքանչյուրի դերը:

«Յուրաքանչյուր իրավական պետություն, կարևորելով դատական իշխանության անկախությունը՝ այն դիտարկում է նաև որպես հասարակության առջև պատասխանատվություն ստանձնելու, հաշվետու լինելու յուրօրինակ միջոց: Մենք նույնպես քաջ գիտակցում ենք այդ անկախության արժեքը, սակայն պետք է հասկանանք նաև, որ բացարձակ անկախություն լինել չի կարող, հակառակ պարագայում՝ մենք մեր ձեռքով ուղղակի կստեղծենք անպատժելիության մթնոլորտ: Սա բոլորի համար պետք է պարզ լինի: Արդարադատություն իրականացնող անձի անպատժելիության յուրաքանչյուր փաստ ինքնին արժեզրկում է և՛ նրա անկախությունը, և՛ բնականաբար, անաչառությունը: Անհնար է հանրային վստահություն ակնկալել, եթե իշխանության մի ամբողջ ճյուղ իր ենթակառուցվածքներով թողնում է ինքնամփոփ և մեկուսացած կառույցի տպավորություն, որն ապրում և գործում է սեփական օրենքներով: Թեև վերջին տարիներին այս կարծրատիպերը կոտրելու ուղղությամբ բավականին լուրջ և դրական հեռանկար ունեցող աշխատանքներ են կատարվել, այնուհանդերձ, ես գտնում եմ, որ դա բավարար չէ դատական իշխանության լիարժեք հաշվետվողականությունն ապահովելու համար: Այլևս անթույլատրելի է առկա խնդիրները բացատրել խորհրդային ժառանգությամբ կամ անցումային ժամանակաշրջանի դժվարություններով»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Դատական իշխանության ներկայացուցիչներին ուղղված խոսքում Հանրապետության նախագահը նշել է, որ անհրաժեշտ է տեսնել սեփական թերությունները, չխուսափել դրանք բարձրաձայնելուց, նախաձեռնել անհրաժեշտ լուծումներ, ինչպես նաև ավելի մեծ ուշադրություն դարձնել դատական համակարգի թերությունները բացահայտող մեր քաղաքացիների բողոքներին:  

«Դատական համակարգի հաջողության գրավականը հասարակական վստահությունն է: Այդ վստահությունն ունակ է միանգամից մի քանի քայլ վերև բարձրացնելու ողջ համակարգը, բազմապատկելու ձեր հաջողությունները, առաջ մղելու բարի յուրաքանչյուր նախաձեռնություն և, ինչու չէ, կասեցնելու խոցելի գաղափարները: Դատական համակարգը չպետք է հանդուրժի օրենքի ուղղակի և չարամիտ խախտումները, անձի իրավունքների կոպիտ ոտնահարումները և, իհարկե, դրանք թույլ տված անձանց: Կարծում եմ, որ այս առումով հատկապես կարևորվում է բարձրագույն դատական ատյանի դերն ու նշանակությունը: Կարգապահական և օրենքով նախատեսված այլ պատասխանատվության անխուսափելիությունը պետք է ապահովվի միասնական և ոչ խտրական չափանիշներով: Համակարգում չպետք է լինեն արտոնյալներ: Եվ այժմ եկել է կոնկրետ քայլեր, գործողություններ կատարելու ժամանակը: Բայց նաև հարկ եմ համարում հիշեցնել, որ մենք չպետք է «վհուկների որս» սկսենք համակարգում: Խոսքը համակարգային փոփոխությունների, ամենօրյա աշխատանքի մասին է: Իրավական և դատական բարեփոխումների ծրագիրը ձեզ համար նոր չափանիշներով նոր գործելակերպի նախասկիզբ պետք է հանդիսանա: Ձեր գործունեությունն արդեն այսօր պետք է համահունչ և համընթաց լինի բարեփոխումների ընթացքին»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը դատական իշխանության ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպման ժամանակ:

Share