Բաժին. Պաշտոնական

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԱՐԳԵՆՏԻՆԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Սեպտեմբերի 4-ին կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտոնական այցով Երեւան ժամանած Արգենտինայի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի հանդիպումը:

Ինչպես տեղեկացնում են ԱԳ նախարարության Մամուլի ծառայությունից՝  նախարար Նալբանդյանը, ողջունելով հյուրին, ասել է. «Այս տարի մենք նշում ենք հայարգենտինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20 ամյակը, և կարող ենք արձանագրել, որ Արգենտինայի հետ այս տարիներին մենք ունեցել ենք բավական ինտենսիվ շփումներ: Մենք կարևորում ենք հայարգենտինյան փոխգործակցության զարգացումը. դրա մասին խոսում է այն փաստը, որ Լատինական Ամերիկայում առաջին դեսպանատունը մենք բացեցինք հենց այդ երկրում, Արգենտինան առաջին լատինաամերիկյան երկիրն է, որի հետ մենք վերացրել ենք մուտքի արտոնագրային ռեժիմը: Իր հերթին, Արգենտինայի դեսպանատունը Հայաստանում առաջինն էր Հարավային Կովկասում: Երկու երկրների միջեւ ստորագրվել են երկու տասնյակից ավելի փաստաթղթեր, Արգենտինան Հայաստանի տնտեսության մեջ խոշոր ներդրողներից է

Շնորհակալություն հայտնելով Հայաստան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար՝ նախարար Թիմերմանն ասել է, որ Արգենտինան ցանկանում է խորացնել համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ եւ առավել բարձրացնել միջպետական փոխգործակցության մակարդակը:

Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից նախարարները կարեւորել են բազմահազարանոց արգենտինահայ համայնքի դերակատարությունը: Հայաստանի եւ Արգենտինայի արտաքին գործերի նախարարները անդրադարձել են երկկողմ փոխգործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտն ընդլայնելու ուղղությամբ, ամրապնդել միջազգային կազմակերպություններում համագործակցությունը, առևտրատնտեսական, մշակութային և գիտակրթական փոխգործակցությունը։ 

Հեկտոր Թիմերմանը Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրել է Արգենտինայի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների, լատինաամերիկյան տարածաշրջանում զարգացումների եւ դրանց վերաբերյալ իր երկրի մոտեցումների մասին

Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Նախարարները համակարծիք են եղել, որ հիմնախնդիրները պետք է լուծվեն միմիայն խաղաղ ճանապարհով եւ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:

Հանդիպումից հետո նախարարները ստորագրել են Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության և Արգենտինայի Հանրապետության սպորտի քարտուղարության միջև սպորտի բնագավառում համագործակցության մասին:

Share