Կայացել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտոնական այցով Երևան ժամանած Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտգործնախարար Ժան Ասելբորնի հանդիպումը:
Ողջունելով հյուրին Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Հայաստանը կարևորում է ԵՄ հիմնադիր պետության՝ Լյուքսեմբուրգի հետ համակողմանի փոխգործակցության զարգացումը և արտգործնախարար Ժան Ասելբորնի այցը լավ հնարավորություն է քննարկելու և պայմանավորվելու այդ ուղղությամբ քայլերի ձեռնարկման համար:
Ժան Ասելբորնը, շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի համար, ընդգծել է, որ ինքը Հայաստան է ժամանել հարաբերությունները խորացնելու հստակ ուղերձով և ուրախ է արձանագրել, որ Հայաստանն ունի նույն մոտեցումը:
Զրուցակիցները հանգամանալից քննարկում են ունեցել քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, առևտրատնտեսական, մշակութային, գիտակրթական բնագավառում փոխգործակցության զարգացման վերաբերյալ: Բանակցությունների օրակարգում են եղել Հայաստան – ԵՄ հարաբերություններին առնչվող հարցերը։ Նախարարներն արձանագրել են Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստանի գրանցած առաջընթացը:
Նախարարներ Նալբանդյանն ու Ասելբորնը մանրամասն անդրադարձել են նաւ տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների:
Լյուքսեմբուրգի արտգործնախարարը մանրամասն ներկայացրել է Եվրոպայում ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման նպատակով ձեռնարկվող քայլերը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել մերձավորարևելյան զարգացումների վերաբերյալ:
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները, ինչպես նաև ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման պատճառով ստեղծված իրավիճակը: