Բաժին. Պաշտոնական

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ՀՈՌԵՏԵՍԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ Է

Նախագահ Սերժ Սարգսյանը Ջերմուկ քաղաքում մասնակցել է Գյուղական համայնքների 2-րդ համաժողովի ամփոփիչ լիագումար նիստին:

Համաժողովին մասնակցել են հանրապետության գյուղական համայնքների ղեկավարներ՝ հանրապետության բոլոր մարզերից: 

Միջոցառումը նպատակ ունի տեղական ինքնակառավարման համակարգի և գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրների քննարկման, փորձի փոխանակման, իրականացվող ծրագրերի և քաղաքականությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջոցով աջակցել գյուղական համայնքների կայուն զարգացմանը:

Միջոցառման շրջանակներում Սերժ Սարգսյանը նշել է, որ տեղական ինքնակառավարման համակարգի կայացմանն ուղղված պետական քաղաքականությունն կշարունակվի և տեղերում կայացող որոշումների համար ավելի լայն ազատություններ ու հնարավորություններ ընձեռելու ռազմավարությունը կընդլայնվի:  Ըստ նախագահի` մեր երկրում չկա այնպիսի հասարակական միջավայր, երբ բոլորը կամ գոնե ճնշող մեծամասնությունը հավատում են հաջողությանը և սատար են կանգնում փոփոխությունների միտված նախաձեռնություններին: «Մարդիկ դժգոհ են, մարդիկ դեռևս հիասթափված են: Դժգոհություններն առավելապես սոցիալ-տնտեսական բնույթի են, համապետական և տեղական իշխանությունների գործունեությունից են, հեռանկարի և հույսի պակասից են, տարբեր մակարդակների առաջնորդների հանդեպ հավատի կորստից են», – ընդգծել է Սերժ Սարգսյանը` հավելելով, որ հասարակական հոռետեսական միջավայրը ներկայում, ըստ էության, մեր երկրի առջև ծառացած ամենաառաջնային խնդիրներից է, որը լուրջ խոչընդոտ է թե՛ զարգացման, թե՛ փոփոխությունների ճանապարհին: 

«Դուք, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներդ, մեր հասարակության հետ շփման առաջնային օղակն եք: Ձեր յուրաքանչյուր ամբարտավան քայլ, անպատասխանատու արարք կամ անարդար որոշում միանգամից դառնում է հավատի կորուստ երկրի ու նրա ընթացքի վերաբերյալ»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Share