Բաժին. Պաշտոնական

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՄ-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՀԱՏԿԱՑՆԻ 1 ՄԼՆ ԵՎՐՈ

Մեկնարկել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Թվինինգ ծրագիրը, որի նպատակն է՝ օժանդակել Հայստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանը:  «ԵՄ օրենսդրության և դատական համագործակցության ոլորտում քաղաքականության համապատասխանեցման գործընթացը և Թարգմանությունների կենտրոնի համար դատաիրավական ոլորտին առնչվող եզրաբանական կարողությունների զարգացում» խորագրով Թվինինգ ծրագրի ֆիանսավորման համար Եվրամիությունը հատկացրել է շուրջ 1 մլն եվրո:  

ՀՀ Արդարադատության նախարարության գնահատմամբ՝ Եվրոպական չափանիշների հետ օրենսդրության համահավասարեցումը կարևոր նախապայման է դատաիրավական համակարգի բարեփոխումների և ԵՄ–Հայաստան տնտեսական համագործակցության հետագա խորացման համար: Այս գործընթացը զարգացնելու նպատակով Թվինինգ ծրագրի միջոցով կհաստատվի համագործակցություն Հայաստանի Արդարադատության նախարարության և Գերմանիայում, ինչպես նաև Լատվիայում համապատասխան գործընկերների միջև:

«Հայաստան-ԵՄ համագործակցությունը իր բոլոր ուղղություններով մտել է մեր սոցիալական, տնտեսական, քաղաքական կյանք, ինչը բնական է մի երկրի համար, որը ի լուր ամբողջ աշխարհի հայտարարել է, որ եվրոպական ուղղությունն ու եվրոպական համագործակցությունը մեզ համար այլընտրանք չունի»,- ասել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: 

Երկու տարի տևողությամբ ծրագրի գլխավոր նպատակն է օժանդակել արդարադատության նախարարության ներքին նորմատիվ և կազմակերպչական համակարգին, հնարավոր դարձնելով արդարադատության հատվածի` անդամ-պետությունների կողմից կիրառվող ԵՄ չափանիշների ու լավագույն գործելակերպի հետ համահավասարեցումը: Ծրագրի շրջանակներում նախատեսված է  նաև ռազմավարական ծրագրերի կազմում, որը կներառի այդ տեսակ համահավասարեցումների առաջնություններն ու մեթոդաբանությունն, ու կօժանդակի Արդարադատության նախարարության եվրաինտեգրման և համագործակցության հարցերով զբաղվող երեք վարչությունների ու թարգմանչական աշխատանքների համար պատասխանատու կենտրոնի անձնակազմերի կառուցվածքի բարեփոխմանը, նպաստելով վերջիններիս կողմից արդարադատության հատվածի` կիրառելի  ԵՄ չափանիշների հետ համահավասարեցմանն ուղղված հանձնարարականների առավել արդյունվետ կատարմանը:

Share