Բաժին. Պաշտոնական

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիի հետ կայացած հանդիպման շրջանակներում բարձր է գնահատել ՀՀ եւ ԻԻՀ միջեւ բարեկամական հարաբերությունները, կարեւորել է փոխգործակցությունը տարբեր ուղղություններով, անհրաժեշտ է համարել միջխորհրդարանական կապերի էլ ավելի խորացումը: Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ պարոն Ռեիսիի պաշտոնավարման ժամանակ հայ-իրանական հարաբերությունները էլ ավելի կզարգանան եւ կամրապնդվեն:

«Այսօր առանց վարանելու կարելի է փաստել, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում»,-նշել է ԱԺ նախագահը:

Հովիկ Աբրահամյանի խոսքով` երկու երկրների քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը հիմք է հանդիսանում նաեւ տնտեսական կապերի հետագա ընդլայնման եւ զարգացման համար: Ըստ Աժ նախագահի` երկկողմ տնտեսական հարաբերությունները վերջին տարիների ընթացքում գրանցել են դրական տեղաշարժ, սակայն դրանով չպետք է բավարարվել, քանի որ քաղաքական առումով բարձր մակարդակի շփումները պարտավորեցնում են գործնական քայլեր ձեռնարկել հարաբերությունների տնտեսական ոլորտը առավել զարգացնելու համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Իրանի դեսպանն ԱԺ նախագահին փոխանցել է ԻԻՀ խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի ողջույնները եւ ԻԻՀ պաշտոնական այցի հրավերը, վստահություն հայտնելով, որ ԱԺ նախագահի պաշտոնական այցը ԻԻՀ կխթանի միջխորհրդարանական կապերի խորացումը: Դեսպանը կարեւորել է երկկողմանի հարաբերությունների զարգացումը բոլոր բնագավառներում: Միջխորհրդարանական կապերի ամրապնդման գործում երկուստեք կարեւորվել է պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային խնդիրներին առնչվող եւ երկկողմանի հետաքրքրություն ունեցող այլ հարցեր եւս:

Share