Բաժին. Պաշտոնական

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՀՀ դատախազությունում, իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել՝ քրեական գործերով իրականացվող նախաքննության վիճակին առնչվող խնդիրների կապակցությամբ:

Նախագահն ընդգծել է, որ նախաքննության խնդիրների հաջող լուծումն առավելապես պայմանավորված է այս ոլորտում դատախազական հսկողության բացառիկ գործառույթի պատշաճ իրացումով և խստորեն քննադատել դեռևս առկա բացասական երևույթներն՝ առանձին դատախազների անփութությամբ կամ չարամտությամբ պայմանավորված գործողությունները: 

«Դատախազությունը շարունակում է մնալ պետական այն մարմինների շարքում, որոնք կարողանում են իրենց գործունեության մեջ թեև քիչ, սակայն որոշակի դրական արդյունքներ ցույց տալ: Ասվածի ապացույցն են հանդիսանում, մասնավորապես, միջազգային կառույցների կողմից մեր պետության առաջընթացի արձանագրումը փողերի լվացում և թրաֆիքինգ հանցատեսակների դեմ պայքարում: Հաջող կարելի է համարել նաև իրավակարգի ամրապնդման գործում իրավապահ այլ մարմինների հետ համագործակցության բարելավումը: Որոշակիորեն բարելավվել է նաև զինվորական դատախազության աշխատանքը: Նման օրինակները մեկ անգամ ևս վկայում են, որ բարեխիղճ և ազնիվ դատախազները, որոնք համակարգում քիչ չեն, գիտակցում են հանրության և պետության առջև ստանձնած իրենց առաքելությունը և այդ առաքելությունն իրականացնում են սրտացավորեն: Սակայն պետք է փաստեմ նաև, որ շարունակում է արդիական մնալ առանձին դատախազների անփութության կամ չարամտության խնդիրը, որը, ցավոք, արժանի գնահատականի չի արժանանում», – նշել է նախագահը:  

Խորհրդակցության մասնակիցներին ներկայացվել է քրեական գործերով նախաքննության վիճակի գործնական խնդիրների վերաբերյալ ՀՀ նախագահի աշխատակազմում իրականացված վերլուծությունը:

Share