Բաժին. Պաշտոնական

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԿՍՏԵՂԾՎԻ ՊՐՈԲԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. հաստատված ռազմավարական ծրագրի համաձայն՝ ՀՀ Արդարադատության նախարարության ներքո կստեղծվի պրոբացիոն ծառայություն ՝ որպես քրեակատարողական ծառայությունից անկախ և առանձին քրեական արդարադատություն իրականացնող գործակալություն: 

Պրոբացիոն գործողությունների նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել իրավախախտներին, նվազեցնել հանցագործությունների մակարդակը և բարձրացնել հասարակության ապահովության աստիճանը: Այն իրավասու կլինի իրագործել ազատազրկման հետ չկապված դատավճիռները, կվերահսկի մեծահասակ և դեռահաս դատապարտյալներին ու իրավախախտներին, ներառյալ՝ կալանավայրերից պայմանական ազատվածներին: 

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանի խոսքով՝ պրոբացիան չի կարող փոխարինել քրեակատարողական համակարգին, բայց այն կարող է աջակցել քրեակատարողական համակարգի ամբողջ գործունեության արդյունավետության զգալիորեն բարձրացմանը: Նրա համոզմամբ, ծառայության ներդրմամբ հնարավորություն կլինի իջեցնել կրկնահանցագործության տոկոսը: 

ՀՀ արդարադատության նախարարի օգնական Հայկ Սարգսյանի տեղեկացմամբ` ծառայության նպատակն է ՀՀ-ում պատժատեսակի կրճատումը, ինչը կնպաստի այդ ոլորտում ծախսերի քչացմանն ու հանցավորության մակարդակի իջեցմանը, դատապարտյալների վերաինտեգրմանը հասարակությունում և պատժի նպատակների առավել ճիշտ իրականացմանը:

Պրոբացիոն ծառայության ստեղծումը ենթադրում է ինչպես օրենսդրական փոփոխություններ, այնպես էլ մասնագիտական հմտությունների և ունակությունների վերաբերյալ դասընթացներ:

Հայաստանում ծրագիրը ներդնելու համար առաջին հերթին կարեւորվում է «Պրոբացիայի մասին» օրենքի ընդունումը, որի վերջնական ընդունումը նախատեսվում է 2014 թվականին:

Share