Բաժին. Պաշտոնական

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԻՐԱՔՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանը  Բաղդադում մի շարք հանդիպումներ է ունեցել, որոնց օրակարգում ընդգրկված են եղել երկկողմ համագործակցության խորացման հարցեր:

Այսպես, Իրաքի երկաթգծերի տնօրինության ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել են հաղորդակցության ոլորտում փոխգործակցության հնարավորությունները: Իրաքցի պաշտոնյաները տեղեկություններ են ներկայացրել երկրում երկաթգծի համակարգի վիճակի, զարգացման հեռանկարային ծրագրերի մասին: Ա. Գեւորգյանն իր հերթին անդրադարձել է Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ծրագրին` նկատելով, որ այն էապես նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում բեռնափոխադրումների առումով: Պայմանավորվածություն է ձեռքբերվել առաջիկայում մասնագիտական մակարդակով երկկողմ քննարկումների կազմակերպման վերաբերյալ:

ՀՀ փոխվարչապետի մյուս հանդիպումը Իրաքի նավթի նախարար Աբդ ալ Քարիմ Լուայբիի հետ է եղել: Կողմերը քննարկել են էներգետիկայի եւ բնական պաշարների բնագավառում համագործակցության հարցեր: Երկուստեք կարեւորվել է միջկառավարական հանաձնաժողովի նիստի ընթացքում ձեռք բերված` ոլորտում համագործակցության ծրագրի մշակման վերաբերյալ պայմանավորվածությունը: Զրուցակիցները ընդգծել են, որ առկա է գործակցության մեծ ներուժ` թե էներգետիկայի, թե նավթագազային բնագավառում: Ա. Գեւորգյանն անդրադարձել է Հայաստանում էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերին, որոնք հնարավորություն են տալու Հայաստանին` առավել հզորացնել էներգիա մատակարարող երկրի իր կարողությունները: Քննարկվել են նաև նավթագազային արդյունահանման բնագավառում փոխգործակցության հարցեր, անդրադարձ է եղել նավթագազային արդյունահանման աշխատանքներին հայկական կողմի մասնակցության հնարավորությանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում համապատասխան աշխատանքային խմբերը կուսումնասիրեն հնարավորությունները` նավթագազային ոլորտում փոխշահավետ ծրագրերի իրականացման նպատակով: Մասնավորապես նշվել է գազի արտադրման եւ կուտակման կարողությունների ստեղծման մասին:

Փոխվարչապետը հանդիպել է նաեւ Իրաքի արտաքին գործերի նախարար Հոշյար Զեբարիի հետ: Քննարկվել են երկու երկրների միջեւ հարաբերությունների խորացման, արտաքին քաղաքականության ոլորտում համագործակցության հարցեր: Հոշյար Զեբարիին տեղեկացրեց, որ Իրաքը քաղաքական դիրքորոշում ունի Հայաստանի հետ խորացնելու թե քաղաքական, թե տնտեսական հարաբերությունները, եւ դրա համար առկա են բոլոր պայմանները:  Զրուցակիցները վստահություն հայտնեցին, որ առաջիկա տարիները լայն հեռանկարներ են բացելու երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

Share