Բաժին. Պաշտոնական

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԼԻԲԱՆԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՄԻՇԵԼ ՍՈՒԼԵՅՄԱՆԻ ՀԵՏ

Նախագահ Սերժ Սարգսյանն պաշտոնական այցով ժամանել է Լիբանանի Հանրապետություն:

Լիբանանի նախագահի նստավայրում Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկել են նախագահներ Սերժ Սարգսյանի և Միշել Սուլեյմանի երկկողմ, ապա երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ՝ ընդլայնված կազմով բանակցությունները:

Բանակցությունների ավարտին տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն: Մասնավորապես, ստորագրվել են «Դիվանագիտական և ծառայողական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի միմյանց տարածքներ այցելելու մասին», «Բարձրագույն կրթության և ակադեմիական աստիճանների վկայագրերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրերը:

Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո Սերժ Սարգսյանը Նախագահական այգում ծառ է տնկել՝ ի նշան Հայաստանի և Լիբանանի բարեկամության:

Լիբանանի նախագահի նստավայրում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՀ նախագահ Միշել Սուլեյմանը բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:

ՀՀ նախագահն իր ելույթում նշել է, որ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռքբերվել՝ օգտագործել բոլոր հնարավորությունները երկկողմ տնտեսական համագործակցությունը խթանելու ուղղությամբ: «Ուրախ ենք, որ վերջին շրջանում նկատելի է դարձել Լիբանանի աճող ներկայությունը մեր երկրի տնտեսության մեջ», – նշել է Սերժ Սարգսյանը: 

Share