Բաժին. Պաշտոնական

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԼԻԲԱՆԱՆԻ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

Պաշտոնական այցով Լիբանանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բերրիի հետ, որից հետո կայացել է Հայաստանի նախագահի հետ այդ երկրի խորհրդարանականների մասնակցությամբ ընդլայնված հանդիպում:

Միջպետական հարաբերությունների զարգացման, փոխվստահության ամրապնդման գործում երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական կապերի դերը, ակտիվ համագործակցությունը խորհրդարանների միջև, որը, կողմերի համոզմամբ, զգալիորեն կնպաստի նաև հայ-լիբանանյան տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը:

Հանդիպմանը կարևորվել է նաև միջազգային կառույցներում Հայաստանի և Լիբանանի խորհրդարանականների համագործակցությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Լիբանանի ԱԺ նախագահ Նաբիհ Բերրին ընդգծել են Հայաստանի և Լիբանանի կառավարական բոլոր օղակների, խորհրդարանների համակարգված, ծրագրված աշխատանքի անհրաժեշտությունը՝ երկու երկրների հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու առումով:

Զրուցակիցներն անդրադարձել են մերձավորարևելյան տարածաշրջանի մի շարք երկրներում առկա լարված իրավիճակին և այդ իրավիճակի հանգուցալուծման հնարավորություններին:

Նախագահ Սերժ Սարգսյանը Լիբանանի ԱԺ նախագահին ներկայացրել է մեր տարածաշրջանի խնդիրներն ու մարտահրավերները, այդ թվում՝ ԼՂ հակամարտության կարգավորման վերջին զարգացումները:

Share