Բաժին. Պաշտոնական

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Երևան է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի գլխավորած պատվիրակությունը:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Թուրքմենստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո Նախագահի նստավայրում մեկնարկել են երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ երկկողմ, ապա ընդլայնված կազմով բանակցությունները:

Բանակցությունների ավարտին տեղի է ունեցել մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ստորագրել են Համատեղ հայտարարություն:

Ստորագրվել են նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև Թուրքմենստանում ՀՀ դեսպանության և ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանության տեղակայման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին համաձայնագիր», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև օդային հաղորդակցության մասին համաձայնագիր», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև գիտատեխնիկական համագործակցության համաձայնագիր», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև սեյսմիկ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև անասնաբուժության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր» և «ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Թուրքմենստանի գյուղատնտեսության նախարարության միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր»:

Share