Բաժին. Պաշտոնական

2013Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐԻՑ ԵՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼԵԼ ԱՌԱՆՑ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ

Ավարտին են հասցվել ԵՄ երկրներ Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, և ակնկալվում է, որ այն ուժի մեջ կմտնի մինչև 2013 թվականի կեսը: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ հանդիպման արդյունքները:

ՀՀ նախագահը նշել է, որ 2013 թվականի հունվարից ԵՄ երկրների քաղաքացիների համար կգործի առանց մուտքի արտոնագրի Հայաստան այցելության կարգ: «Այս գործընթացի նպատակը մեկն է` խթանել շփումը մեր հասարակությունների միջև, ավելացնել փոխայցելությունների թիվը, նոր հնարավորություններ բացել ուսանողների, գիտնականների, ստեղծագործողների համար», – ընդգծել է Նախագահը:

Սերժ Սարգսյանն իր խոսքում նշել է, որ եվրոպական արժեքների` ազատության, ժողովրդավարության, օրենքի գերակայության վրա հիմնված պետական համակարգ ունենալու ձգտումը միշտ հաստատուն է եղել հայ ժողովրդի հոգում: «Մենք դիտարկում ենք եվրոպական կառույցների հետ մեր փոխգործակցությունը որպես Հայաստանի ինստիտուցիոնալ ամրապնդման և արդյունավետ բարեփոխումների իրականացման կարևոր գործոն», – նշել է Սերժ Սարգսյանը՝ փաստելով, որ մեր երկրի նպատակն է մինչև 2013 թվականի նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովն ավարտին հասցնել Ասոցացման համաձայնագրի, ներառյալ Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները, դրանով իսկ երկկողմ հարաբերությունները հասցնելով նոր հանգրվանի:

Share