Բաժին. Պաշտոնական

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՇՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՔԱՌՕՐՅԱ ՆԻՍՏԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Դեկտեմբերի 3-ին Ազգային ժողովը մեկնարկել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը և շարունակել քննարկել նախորդ քառօրյայի վերջին նիստում ընդհատված «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:  

Հիմնական զեկուցողը՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը, տեղեկացրել է, որ փաթեթի երկրորդ նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարությանը տալ լիազորություն՝ սահմանելու կիրառվող ՀԴՄ-ները նոր սերնդի ՀԴՄ-ներով փոխարինելու ժամանակացույցներ, որոնց հիման վրա 500 միլիոն դրամ եւ ավելի շրջանառություն ունեցող հարկ վճարողների կողմից կիրառվող ՀԴՄ-ները կփոխարինվեն մինչեւ 2013 թվականի հուլիսի 1-ը, իսկ մյուս հարկ վճարողներինը՝ մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը: Օրենքի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի ձեռք բերել եւ կիրառել ժամանակակից պահանջներին բավարարող, հիշողության մեջ կատարված գրառումների անձեռնմխելիությունը առավելագույն չափով ապահովող ՀԴՄ-ներ:

Ըստ հիմնական զեկուցողի՝ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է 600 մ2 եւ ավելի սպասարկման սրահի մակերերս ունեցող հանրային սննդի օբյեկտների կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կամ շահագործման կանոնների խախտման դեպքերի համար սահմանել առավել բարձր տուգանքներ:

Օրինագծերի փաթեթի վերաբերյալ գլխադասային՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը: Նա կարեւորել է արտոնագրային վճարների համակարգում ներառված լրացուցիչ գործունեության վեց տեսակները: Հարկային դաշտը ազատականացնելու առումով պատգամավորն ընդունելի է համարել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծում նախատսեված խստացումները:

Սուրեն Կարայանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է նաեւ «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է ՀՀ մաքսային օրենսգրքի 199-203-րդ հոդվածները վերախմբագրել, սահմանել դրույթներ, որոնցով կարգավորվում են ապրանքների եւ տրանսպորտային միջոցների հայտարարագրման ժամանակ տեղ գտած սխալների համար նախատեսվող տուգանքի չափերը: Կառավարության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ առաջարկվող փոփոխություններն ուղղված են մաքսային արժեքի որոշման գործընթացի բարելավմանը, մաքսային ձեւակերպումների գործընթացի պարզեցմանը եւ դյուրինացմանը ու դրա համար պահանջվող ժամանակի եւ ծախսերի կրճատմանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը օրինագծի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նա նշել է, որ թեեւ հանձնաժողովի եզրակացությունը դրական է, այնուամենայնիվ առկա են մի շարք մտահոգություններ, օրինագծի որոշ ձեւակերպումներ հստակեցման եւ լրամշակման կարիք ունեն: Այս տեսակետը մտքերի փոխանակության ընթացքում պաշտպանել են պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Խոսրով Հարությունյանը եւ Արծվիկ Մինասյանը: Խոսրով Հարությունյանը եւ Արծվիկ Մինասյանն առաջարկել են ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի մաքսային ոլորտի օրենսդրական հարցերով:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Սուրեն Կարայանն անդրադարձել է հնչած մտահոգություններին եւ տվել պարզաբանումներ: Նա պատրաստակամություն է հայտնել մինչեւ հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկումը պատգամավորների հետ համատեղ լրամշակել օրինագիծը եւ գտնել ընդունելի լուծումներ:

Այնուհետև, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը խորհրդարանի քննարկմանն է առաջարկել ՀՀ Նախագահի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ «Հարկային վարչարարության արդիականացման ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը, որը ստորագրվել է 2012 թվականի հուլիսի 9-ին:  Հիմնական զեկուցող Արմեն Ալավերդյանը տեղեկացրել է, որ համաձայնագրով Միջազգային զարգացման ընկերակցությունը Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի 12 մլն ԱՄՆ դոլար՝ տարեկան 1.25 տոկոս տոկոսադրույքով՝ հաշվարկված վարկի հատկացված եւ չմարված գումարի նկատմամբ:

Վարկը տրամադրվելու է 25 տարի մարման ժամկետով, որից 5-ը՝ արտոնյալ: Արմեն Ալավերդյանի խոսքով՝ «Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի» ներդրմամբ կբարձրացվի հարկային պարտավորությունների կամավոր կատարումը, կկրճատվի հարկերից խուսափումը, կկրճատվեն հարկային պարտավորությունների կատարման ծախսերը, կբարձրացվի վարչական արդյունավետությունը:

Նա տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկի փորձագետների հետ քննարկումների ժամանակ առաջնային է համարվել հարկային գործընթացների ավտոմատացումը, ինչին էլ միտված է այս ծրագիրը: Նախատեսվում է, որ 3100 հարկ վճարողներ իրենց հարկային հաշվետվությունները կներկայացնեն ավտոմատացված համակարգով, ինչը ենթադրում է նաեւ հարկատուի եւ հարկային տեսուչի շփման բացառում:

Քննարկվող հարցի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովների դրական եզրակացությունները ներկայացրել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը եւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուքիաս Ավետիսյանը:

Ազգային ժողովը քառօրյա նիստերի աշխատանքը կշարունակի դեկտեմբերի 4-ին:

Share