Բաժին. Պաշտոնական

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՊԿ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆՍՏԱՇՐՋԱՆԻՆ

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նեղ, ապա պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումների ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան տեղեկատվություն է ներկայացրել ՀԱՊԿ գործունեության և ստորագրման առաջարկվող փաստաթղթերի վերաբերյալ, որից հետո նիստի մասնակիցները, ի թիվս օրակարգի այլ հարցերի, քննարկել են միջազգային իրավիճակի միտումները, հավաքական անվտանգության համակարգի կատարելագործմանն ուղղված միջոցներին, մինչև 2020թ. ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացմանը, արտակարգ իրավիճակներում հավաքական արձագանքման համակարգի կատարելագործման հիմնական ուղղություններին վերաբերող հարցեր:

Ընդլայնված կազմով բանակցությունների ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում նախ շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մոսկվայում ՀԱՊԿ նստաշրջանի հրաշալի կազմակերպման համար, շնորհավորել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ Կազմակերպության համար հոբելյանական տարում նախագահությունը հաջողությամբ ավարտելու և ՀԱՊԿ ամրապնդմանն ուղղված գործում արդյունավետ համագործակցության համար, ապա հաջողություններ մաղթել Կազմակերպության նախագահությունն ստանձնած Ղրղըզստանի Հանրապետությանը և նրա նախագահին:

Հանրապետության ղեկավարի խոսքով, ՀԱՊԿ-ի շրջանակներում կազմակերպության անդամ պետությունների համագործակցության փորձը ցույց է տալիս, որ 20 տարի առաջ այդ երկրների կողմից արված ռազմավարական ընտրությունը ճիշտ էր և արդարացված. կազմակերպությունը համաչափորեն զարգացնում է առկա սպառնալիքներին արձագանքման արդյունավետ համակարգը:

Share