Բաժին. Պաշտոնական

ՀԱՅ-ՃԱՊՈՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է

ՀՀ արտաքին գործերի նախարար Նալբանդյանն ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ճապոնիայի ԱԳՆ Եվրոպական բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ դեսպան Տակեշի Հիկիհարային:

Նախարար Նալբանդյանը նշել է, որ 2012թ. հայ-ճապոնական հարաբերությունները նշանավորվել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Ճապոնիա կատարած պաշտոնական այցելությամբ, որի ընթացքում ՀՀ Նախագահի և Ճապոնիայի վարչապետի երկու երկրների միջև բարեկամության և համագործակցության հետագա խորացման մասին համատեղ հայտարարությունը, ձեռք բերված պայմանավորվածությունները նոր հեռանկարներ են բացել փոխգործակցության ամրապնդման և ընդլայնման համար: ԱԳ նախարարն գոհունակությամբ ասել է, որ չնայած երկրների միջև եղած հեռավորությանը, հայ-ճապոնական փոխշահավետ համագործակցությունը տարեցտարի էլ ավելի է ընդլայնվում և խորանում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել անկախությունից ի վեր Հայաստանի զարգացման նպատակով Ճապոնիայի կողմից ցուցաբերված տեխնիկական և ֆինանսական աջակցության համար:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկու երկրների ԱԳՆ-երի միջև պարբերական խորհրդատվությունների կազմակերպման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացման, առևտրատնտեսական փոխգործակցության խթանման և մշակութային կապերի զարգացմանն առնչվող հարցերին։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք խնդիրների շուրջ:

Նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։ Այս ենթատեքստում դեսպան Հիկիհարան վերահաստատել է, որ Ճապոնիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ջանքերին ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի երեք հայտնի սկզբունքների հիման վրա:

Share