Բաժին. Պաշտոնական

ԿԱՅԱՑԵԼ Է ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Փետրվարի 12-ին Թբիլիսիում մեկնարկել է Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին ներկա են եղել Եվրոպական հանձնաժողովի ընդլայման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդը, Արևելյան գործընկերություն ծրագրի անդամ երկրների պատվիրակությունները:

Հանդիպմանը քննարկվել են Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության արձանագրված արդյունքները, նախանշվել են գործընկերության հեռանկարները, հանգամանալից անդրադարձ է կատարվել Արևելյան գործընկերության Ճանապարհային քարտեզի իրականացմանը և մտքեր են փոխանակվել Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին ընդառաջ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:

Ելույթ ունենալով նախարարական հանդիպմանը` Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի գրանցած առաջընթացը և ընդգծել հայկական կողմի ակնկալիքը՝ մինչև ս.թ. աշնանը կայանալիք Վիլնյուսի գագաթաժողովը եզրափակել Ասոցացման համաձայնագրի և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները:

Նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը ներգրավված լինելով Արևելյան գործընկերության բազմակողմ հարթության շրջանակներում համագործակցությանը՝ նախատեսում է այս տարի Երևանում անցկացնել մի քանի միջոցառումներ արդարադատության, երիտասարդական և կրթական փոխանակումների ոլորտներում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է Հայաստանի և ԵՄ միջև ստորագրված մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը և վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի մեկնարկը:

Հայաստանի արտգործնախարարը վերահաստատել է Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների երրորդ ոչ պաշտոնական հանդիպումը գալիք սեպտեմբերին Երևանում անցկացնելու պատրաստակամությունը:

Share