Բաժին. Պաշտոնական

ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷՍՏՈՆԻԱՅԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻՆ

Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Էստոնիա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը փետրվարի 15-ին հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի) Պրիիտ Տուրկի հետ:

Ողջունելով դեսպանին՝ Էդուարդ Շարմազանովը գոհունակություն հայտնեց, որ հայ-էստոնական հարաբերությունները դրական հունով են ընթանում եւ այդ փոխգործակցության ակտիվացման համար կարեւորեց երկու երկրների խորհրդարանականների փոխայցերը: Նա տեղեկացրեց, որ Ազգային ժողովում արդեն ձեւավորվել է հայ-էստոնական բարեկամական խումբ: Միաժամանակ նշեց, որ հրավիրել է իր էստոնացի գործընկերներին՝ այցելելու Հայաստան եւ համատեղ քննարկելու երկու խորհրդարանների համագործակցության հեռանկարները: ԱԺ փոխնախագահը տեղեկացրեց, որ այս տարի նախատեսվում է ԱԺ նախագահի այցը Լատվիա եւ Էստոնիա, ինչը լավ հիմքեր կստեղծի հայ-էստոնական հարաբերությունների, մասնավորապես միջխորհրդարանական կապերի զարգացման համար:

ՀՀ-ում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի նախագահի եւ արտգործնախարարի հետ հանդիպումների ժամանակ կարեւորվել է երկու երկրների՝ տարբեր ոլորտներում համագործակցության, մասնավորապես միջխորհրդարանական կապերի զարգացումն ու փոխայցերի ակտիվացումը: Նա տեղեկացրեց, որ մայիսի 1-5-ը նախատեսվում է Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների այցը Երեւան: Գարնանը Հայաստան  կայցելի նաեւ Էստոնիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը:

Անդրադառնալով ԵՄ-ին ինտեգրմանն ուղղված Հայաստանի քայլերին՝ դեսպանն արձանագրեց, որ այդ բանակցություններում Հայաստանը Վրաստանի եւ Մոլդովայի հետ առաջամարտիկներից է, ինչը Էստոնիայի իշխանությունները ողջունում են եւ պատրաստակամություն հայտնում աջակցելու այդ գործընթացների էլ ավելի զարգացմանը: Նա առաջարկեց օգտվել Էստոնիայում գործող արեւելյան գործընկերության կենտրոնի ընձեռած հնարավորությունից: Կենտրոնը հայ գործընկերներին օգտակար կարող է լինել փորձի փոխանակության, մասնագետների վերապատրաստման ու ուսուցման ասպարեզներում:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ հայ-թուրքական հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր: ԱԺ փոխնախագահը դրական գնահատեց ԼՂ հիմնահարցի վերաբերյալ Էստոնիայի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշման եւ խնդիրը Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծմանն աջակցելու համար՝ նշելով, որ ԼՂՀ ապագան պետք է որոշեն արցախցիները:

Կողմերը կարեւորեցին երկկողմ ձեւաչափով եւ ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակում համագործակցության զարգացումն ու դրան ուղղված համատեղ ծրագրերի իրականացումը քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտներում:

Share