Բաժին. Պաշտոնական

ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Սուրեշ Բաբուին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս հայ-հնդկական պատմության խորքից եկող, ավանդական բարեկամական փոխհարաբերություններին և շահագրգռված է երկկողմ փոխգործակցության շարունակական զարգացմամբ:

Դեսպան Բաբուն իր հերթին վստահեցրել է, որ կարևոր ներդրում կունենա երկու բարեկամ ժողովուրդների միջև գոյություն ունեցող կապերի էլ ավելի ընդլայնման և խորացման գործում:

Զրուցակիցները անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաների, այդ թվում քաղաքական երկխոսության, միջազգային կազմակերպություններում համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման, մշակութային փոխանակումների ակտիվացման վերաբերող հարցեր:

Հանդիպման ընթացքում գոհունակությամբ նշվել է, որ Հայաստանը և Հնդկաստանը բազմաթիվ միջազգային և տարածաշրջանային հիմնախնդիրների վերաբերյալ միևնույն կամ իրար շատ մոտ տեսակետներ ունեն: Այս համատեքստում, նախարար Նալբանդյանն բարձր է գնահատել Հնդկաստանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Share