Բաժին. Պաշտոնական

ԱԺ-Ն ՔՆՆԱՐԿԵԼ Է «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԻԾԸ

Փետրվարի 26-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին կառավարության հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

Ըստ փոխնախարարի՝ օրինագծի ընդունման արդյունքում կհստակեցվեն համայնքի ավագանու կազմավորման, նիստերի իրավազորության, անցկացման, որոշումների կայացման, լիազորությունների դադարեցման հիմքերի հետ կապված որոշակի դրույթներ:

Վաչե Տերտերյանը տեղեկացրեց, որ օրենքի նախագծի մշակմանը եւ քննարկմանը մասնակցել են եւ՛ հասարակական կազմակերպությունների  ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, եւ՛ համայնքների ղեկավարներ ու ավագանու անդամներ:

Ըստ հիմնական զեկուցողի՝ նախատեսվում է օրենքի 11-րդ հոդվածում ավագանու կազմավորման համար անհրաժեշտ շեմն ավելացնել մինչեւ օրենքով սահմանված թվի երկու երրորդը, իսկ 14-րդ հոդվածի երկրորդ մասում առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի հստակեցնելու ավագանու նիստերի իրավազորության անհրաժեշտ շեմը: Նախագծի մեկ այլ հոդվածով նախատեսվում է ավագանու լիազորությունների դադարեցման եւս մեկ հիմք, այն է` ավագանու անդամների կողմից ավագանու նիստի իրավազորությունը չապահովելու պատճառով երեք ամիս անընդմեջ ավագանու նիստ չկայանալը: Ըստ փոխնախարարի՝ սահմանվում է նաեւ համայնքի ղեկավարի լիազորությունների դադարեցման այլ հիմք եւս՝ մեկ տարվա ընթացքում համայնքի ղեկավարի կողմից օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դրույթը (ավագանու նիստերն անցկացվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ) երկու անգամ խախտելը:

Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա կարեւորեց խորհրդարանում նման օրինագծի քննարկումը նշելով, որ այն կարգավորում է ոչ միայն կոնկրետ հարաբերություններ, այլեւ նպաստում է տեղական ինքնակառավարման մարմինների հետագա զարգացմանը: Հերմինե Նաղդալյանը հիմնական զեկուցողի ուշադրությունը հրավիրեց օրենքի 72-րդ հոդվածի վրա՝ առաջարկելով այն խմբագրել, ինչը փոխնախարարի կողմից ընդունվեց:

Գլխադասային՝ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը, ներկայացնելով հանձնաժողովի եզրակացությունը, նկատեց, որ թեեւ հանձնաժողովում օրինագիծը քննարկվել է եւ ստացել դրական եզրակացություն, սակայն համակարգն ու օրենքի բազմաթիվ դրույթներ համակարգային փոփոխությունների կարիք ունեն:

Share