Բաժին. Պաշտոնական

ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿՄՇԱԿՎԻ ՎԵՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԾՐԱԳԻՐ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրման գործակալության ներկայացուցիչ, հայաստանյան գրասենյակի տնօրեն, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի ղեկավար Վիրժին Արտոտի հետ:

Հանդիպման ժամանակ Վիրժին Արտոտը նախարարին ներկայացրել է ԵՄ-Հայաստան շարժունակության մասին համագործակցության շրջանակներում մշակվող ծրագիրը: Ծրագրի իրականացման համար Եվրամիությունը տրամադրել է 3 մլն եվրո:

Տիկին Արտոտը նշել է, որ ծրագրի առաքելությունը Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հնարավորությունների ուժեղացումն է, վերաինտեգրմանն ուղղված գործողությունները:  Ծրագրի միջազգային գործընկերներն են՝ Բելգիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Ռումինիայի համապատասխան գործակալությունները, իսկ հայաստանյան գործընկերները՝ ՀՀ կառավարության մի շարք գերատեսչություններ: Գործունեության 3 տարիների ընթացքում նախատեսվում է մշակել վերաինտեգրման օժանդակության համապարփակ ծրագիր, ինչը վերադարձող բոլոր հայ միգրանտների համար կապահովի ճիշտ տեղեկատվության և կստեղծի աջակցության հավասար հնարավորություններ:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով նախաձեռնությունը, տեղեկացրել է, որ հայրենադարձված մեր հայրենակիցները պետության կողմից ստանում են լեզվի վերապատրաստման, առողջապահության, կրթության ոլորտների անհրաժեշտ աջակցություն, համապատասխան խորհրդատվություն: Նախարարը, շեշտելով  հայրենադարձների սեփական բնակարան և աշխատանք ունենալու կարևորությունը, ծրագրի ղեկավար Վիրժին Արտոտին խորհուրդ է տվել վերաձևակերպել ծրագրի որոշ դրույթներ և աջակցությունն ուղղորդել նաև այս ուղղություններով:

Հրանուշ Հակոբյանը նշել է, որ հայրենադարձված սիրիահայերի ինտեգրումն առավել արդյունավետ կլինի, եթե Հայաստանի որևէ մարզում նրանց համար բազմաբնակարան շենք կառուցվի: Այս դեպքում աշխատանքի եկամուտներն առավել հավասարաչափ ու նպատակային կծախսվեն:

Ներկայացնելով ՀՀ սփյուռքի նախարարութան և Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի իրականացրած համատեղ ծրագիրը՝ նախարարը հյուրի ուշադրությունը հրավիրել է փոքր ու միջին բիզնեսի զարգացման ու կայացման ուղղությամբ համատեղ աշխատանքներ կատարելու հեռանկարին:

Share