Բաժին. Պաշտոնական

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԼԻՏՎԱԿԱՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսի հանդիպումը։  

Արտաքին գործերի նախարարության Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման շրջանակներում նախարար Նալբանդյանը կարևորել է Լիտվայի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների զարգացումը և ընդգծել, որ դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով. Լիտվան առաջին պետությունն է, որ ճանաչել է Հայաստանի անկախությունը և դիվանագիտական հարաբերություններ հաստատել 1991 թվականին, Հայաստանի առաջին միջպետական պայմանագիրը ստորագրվել է Լիտվայի հետ: Էդվարդ Նալբանդյանը հավելել է, որ բարձր մակարդակով հաճախակի փոխայցելությունները մեծապես նպաստում են տարբեր բնագավառներում համագործակցության խթանմանը:

Լինաս Լինկևիչուսն իր հերթին գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև վերջին տարիներին ակտիվացած համագործակցության կապակցությամբ և ընդգծել լիտվական կողմի պատրաստակամությունը դրանք առավել ամրապնդելու և ընդլայնելու վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում նախարարները բովանդակալից զրույց են ունեցել հայ-լիտվական երկկողմ հարաբերությունների բազմաթիվ հարցերի վերաբերյալ։ Կարևորվել է  2011թ.-ի Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի այցելությունը Հայաստան, քննարկվել է նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Անդրադարձ է կատարվել երկու երկրների ԱԳ նախարարների պարբերական հանդիպումների շարունակականության ապահովման անհրաժեշտությանը, միջխորհրդարանական համագործակցությանը ընդլայնմանը:

Նախարարներ Նալբանդյանն ու Լինկևիչուսը անդրադարձել են նաև միջազգային կազմակերպություններում փոխգործակցության ամրապնդմանը, առևտրատնտեսական և պաշտպանական ոլորտներում համագործակցությանը, ձևավորված իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, գիտակրթական և մշակութային կապերի ակտիվացմանը։

Բանակցությունների օրակարգում են եղել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շուրջ քննարկումները։ Արձանագրվել է, որ Հայաստանը այս տարիների ընթացքում լուրջ առաջընթաց է գրանցել Եվրոպայի հետ մերձեցման գործընթացում։ Քննարկվել են 2013թ. վերջին Վիլնյուսի Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։

Նախարար Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։

Share