Բաժին. Պաշտոնական

ՆԱԽԱՐԱՐ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ԲՐԱԶԻԼԱՅԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Երևանում աշխատանքային այցելությամբ գտնվող Բրազիլիայի փոխարտգործնախարար Վերա Մաշադոյին։ Ինչպես տեղեկացնում են նախարարության Մամուլի ծառայությունից՝ հանդիպման շրջանակներում նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանը կարևորում է հայ-բրազիլական հարաբերությունների զարգացումը և վստահություն հայտնել, որ երկուստեք ջանքերով հնարավոր է առավել արդյունավետ օգտագործել երկկողմ հարաբերությունների ընդլայնման ներուժը։ Նախարարի խոսքերով, այդ նպատակով անհրաժեշտ է ջանքեր գործադրել ամրապնդելու իրավապայմանագրային դաշտը, խորացնելու առևտրատնտեսական համագործակցությունը, սերտացնելու միջազգային կազմակերպություններում փոխգործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Վերա Մաշադոն նշել է, որ Բրազիլիան շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ տարբեր բնագավառներում հարաբերությունների ընդլայնմամբ և իր այցելությունը հենց այդ նպատակին է ծառայում։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի, տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների շուրջ:

Share