Բաժին. Պաշտոնական

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ «ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ու հարակից 14 օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Օրենքների նախագծերի փաթեթը նպատակ ունի լրամշակելու «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում եղած հասկացությունների շրջանակը, փոփոխելու պարտադիր տեղեկացման ենթակա գործարքների վերաբերյալ հաշվետվությունների տրամադրման սահմանաչափը, հստակեցնելու գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու, կատարված վերլուծությունները փաստաթղթավորելու ու պահպանելու հարցը, փողերի լվացմանը նախորդող հանցակազմերի, բռնագրավման ենթակա գույքի շրջանակը, լիազոր մարմնի իրավասությունը, միջազգային պահանջներին համապատասխանեցնելու ահաբեկչության հետ կապված ֆինանսական միջոցների կամ այլ գույքի սառեցման մեխանիզմը, ՀՀ քրեական օրենսգրքով սահմանվող ահաբեկչության եւ ահաբեկչության ֆինանսավորման հանցակազմերը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվել է օրինագծերի փաթեթին՝ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվելու համար:

Share