Բաժին. Պաշտոնական

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՎ ԵԱՀԿ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԵԱՀԿ (Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպություն) Երեւանի գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին: Հանդիպման շրջանակներում ստորագրվել է ՀՀ Ազգային ժողովի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ Համագործակցության հուշագիր:

Ինչպես տեղեկացնում են ԱԺ Մամուլի ծառայությունից՝ Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել ՀՀ Ազգային ժողովի եւ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի միջեւ հաստատված արդյունավետ համագործակցությունը` նշելով, որ այն ամուր հիմքերի վրա է դրված եւ տվել է իր դրական արդյունքները: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Ազգային ժողովը բարձր է գնահատում ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի գործունեությունը, որը հիմնված է ԵԱՀԿ սկզբունքների, անվտանգության եւ կայունության ամրապնդման, մարդու իրավունքների, քաղաքական, իրավական, մամուլի ազատության, բնապահպանական եւ տնտեսական համագործակցության իրագործման վրա:

Անդրադառնալով ՀՀ ԱԺ եւ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի միջեւ ստորագրվող Համագործակցության հուշագրին` Ազգային ժողովի նախագահն այն գնահատել է որպես հաջող համագործակցության եւս մեկ օրինակ, որը թույլ է տալու հզորացնել խորհրդարանի կարողությունները: Նա կարեւորել է օրենսդրական բարեփոխումների հարցում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությունը` վստահություն հայտնելով, որ ՀՀ Ազգային ժողովի եւ ԵԱՀԿ-ի Երեւանյան գրասենյակի միջեւ համագործակցությունը կլինի շարունակական:

Անդրեյ Սորոկինը նույնպես բարձր է գնահատել ԵԱՀԿ-Ազգային ժողով արդյունավետ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում եւ այս համատեքստում կարեւորել ստորագրվող Համագործակցության հուշագիրը: Պարոն Սորոկինը ԱԺ նախագահին ներկայացրել է հետագա համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Share