Բաժին. Պաշտոնական

ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության Մամուլի ծառայությունից՝ հանդիպման շրջանակներում Հունաստանի ղեկավարն ընդգծել է, որ երկկողմ քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և պետք է, որ երկուստեք քայլեր ձեռնարկվեն տնտեսական համագործակցությունը նույն մակարդակի վրա բարձրացնելու համար։

Հունաստանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը գոհունակությամբ նշել են, որ վերջին տարիներն առանձնացել են Հայաստանի և Հունաստանի միջև շփումների ինտենսիվությամբ, և որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերություններին նոր խթան է հաղորդվել ու առկա է երկուստեք պատրաստակամություն՝ դրանք առավել ամրապնդելու և խորացնելու համար: Զրուցակիցներն կարծիք են հայտնել, որ հայ-հունական հարաբերությունները առանձնաշնորհյալ բնույթ են կրում՝ իրենց փոխըմբռնման և փոխվստահության բարձր մակարդակի շնորհիվ:

Նախագահ Պապուլիասը ներկայացրել է Հունաստանում ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները վերացնելու նպատակով իրականացվող քայլերը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցությանը, Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններին, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացին, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ համաձայնագրի բանակցություններին:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև կրթական և մշակութային բնագավառներում համագործակցության խթանմանը: Այս առումով Հունաստանի նախագահը նշել է, որ կնախաձեռնի հայ երիտասարդներին Հունաստանի ԲՈւՀ-երում ուսանելու նպատակով հատկացվող կրթաթոշակների քանակի ավելացում։

Հանդիպման օրակարգում են եղել նաև կիպրական հարցի լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը։ Այդ ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Կիպրոսին սատարելու Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը:

Էդվարդ Նալբանդյանը Հունաստանի նախագահին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Share