Բաժին. Պաշտոնական

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ

Մարտի 19-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը:

Առաջին ընթերցմամբ քննարկել է կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը:

Պետական ծախսերի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով արդեն մի քանի տարի է, ինչ հանրապետությունում իրականացվում են ծրագրային բյուջետավորման տարրերի ներդրման լայնածավալ նախապատրաստական աշխատանքներ, ինչպես նաեւ փորձնական ներդրման ծրագրեր` հաշվի առնելով համաշխարհային փորձը եւ տեղական առանձնահատկությունները: Ըստ փոխնախարարի՝ 2012 թվականին ՀՀ Ազգային ժողովի հավանությանն արժանացած ՀՀ կառավարության գործունեության ծրագրով նախատեսված է շարունակել ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ բարեփոխումները, որոնց արդյունքում այն կլինի իրավական հիմքերով ապահովված գործուն համակարգ:

Ըստ հիմնական զեկուցողի՝ ոլորտում արդեն իսկ ձեռքբերված նվաճումները պահպանելու եւ դրանց նոր ընթացք տալու համար կարեւորվում է ծրագրային բյուջետավորման ներդրմանն անհրաժեշտ իրավական հիմքերի ստեղծումը:

Պավել Սաֆարյանի տեղեկացմամբ՝ «Բյուջետային համակարգի մասին» օրենքում առաջարկվում է հստակեցնել որոշ հասկացություններ, տալ նոր սահմանումներ, ինչպես նաեւ կանոնակարգել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների արտաբյուջետային հաշիվները:

Հարցուպատասխանի ժամանակ պատգամավորներն անդրադարձել են արտաբյուջետային հաշիվների բացման նպատակների հստակեցման, օրենսդրական փոփոխություններն իրականացնելու ժամկետների ճշգրտման, տողային եւ ծրագրային բյուջետավորումների առանձնահատկությունները շոշափող տարբեր հարցերի:

Հանդես գալով հարակից զեկուցմամբ՝ ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշել է, որ խորհդարանին ներկայացված օրենսդրական փաթեթը նոր փիլիսոփայություն է օրենսդրական գործընթացներում: Սակայն, ինչպես նկատել է Գագիկ Մինասյանը, միանշանակ չեն տողային բյուջետավորման թերությունները, ինչպես նաեւ՝ ծրագրային բյուջետավորման առավելությունները. խնդիրներն ու մոտեցումները խորքային ուսումնասիրության կարիք ունեն: Միաժամանակ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի համոզմամբ, ԱՊՀ տարածքում Հայաստանն իր արդիական մոտեցումներով ամենալայն հնարավորություններն ունի անցնելու ծրագրային բյուջետավորման: Նրա խոսքով՝ խորհրդարանական լսումները, որոնք կանցկացվեն կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, թույլ կտան վեր հանել բոլոր խնդիրները, ավելի հանգամանալից ուսումնասիրել առաջացող հարցերը, փնտրել ու գտնել լուծումներ: Գագիկ Մինասյանը տեղեկացրել է, որ կազմակերպվելիք խորհրդարանական լսումներին հրավիրված կլինեն նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Share