Բաժին. Պաշտոնական

ԱՅՍ ՏԱՐԻ ՄԵԽԻԿՈՅՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Մեքսիկայի նորանշանակ դեսպան Ռուբեն Ալբերտո Բելտրան Գեռերոյին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ նա իր աշխատանքով նոր լիցք կհաղորդի երկու երկրների հարաբերությունների ընդլայնմանը և ամրապնդմանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ անցած տարի Մեքսիկա իր այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը հավելյալ խթան կհանդիսանա հայ-մեքսիկական փոխգործակցության զարգացման համար: Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել այս տարի Մեխիկոյում Հայաստանի դեսպանություն բացելու մասին:

Դեսպան Գեռերոն իր հերթին նշել է, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների զարգացումը և հավաստիացրել է, որ բոլոր ջանքերը կներդնի հայ-մեքսիկական բարեկամությունն էլ ավելի խորացնելու համար:

Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցերին:

Share