Բաժին. Պաշտոնական

ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՅՑՈՎ ԳՏՆՎԵԼ Է ՊԱՆԱՄԱՅՈՒՄ

Ապրիլի 2-ից 6-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը և նախագահի առաջին տեղակալ Արթուր Աֆրիկյանն աշխատանքային այցով գտնվել են Պանամայում:

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է «Համաշխարհային մաքսային կազմակերպության մաքսային ծառայությունների ղեկավարների գործընկերության երկխոսություն. արդյունավետ և անվտանգ առևտուր» թեմայով համաժողովին, որի ընթացքում քննարկվել են մաքսային ընթացակարգերի ներդաշնակեցման վերաբերյալ ձեռքբերումները, դրանց իրականացման ճանապարհին ի հայտ եկող մարտահրավերները` հաշվի առնելով նաև Կիոտոյի վերանայված կոնվենցիայի դրույթները:

Հանգամանորեն ներկայացվել են տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման զարգացման հեռանկարները ինչպես մասնավոր հատվածում, այնպես էլ պետական կառավարման համակարգում: Այդ համատեքստում կարևորվել է նաև մաքսային գործունեության ոլորտում տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման ծավալների և ուղղությունների ընդլայնումը, մասնավորապես նշվել է, որ «մեկ պատուհանը» պետք է հանդիսանա միջտարածաշրջանային կապերի ապահովման հիմնական գործիք:

Հանդիպման ժամանակ կարևորվել է «Լիազորված տնտեսվարող օպերատորների» համակարգի ներդրման հարցը: Համաժողովի մասնակից երկրները նշել են նաև անօրինական առևտրի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը, կարևորվել է Համաշխարհային մաքսային կազմակերպության մաքսային իրավախախտումների և RILO ցանցերի գործունեությունը:

Տեղի են ունեցել նաև  ՀՀ ԿԱ ՊԵԿ պատվիրակության երկկողմանի հանդիպումներ Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի, ինչպես նաև Պանամայի մաքսային ծառայության գլխավոր տնօրենի հետ, քննարկվել են հետագա համագործակցության և փոխօգնության ուղղությունները:

Համաժողովի ընթացքում սահմանվել են երեք առաջնային ուղղություններ` առևտրի բնագավառում փոխհամագործակցություն, առևտրի անվտանգություն և տեղեկատվության էլեկտրոնային փոխանակում: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ:

Share