Բաժին. Պաշտոնական

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐՍԵՍ ՆԱԶԱՐՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ Է ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՏԵՂՄԱՆ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆԸ»

ՀՀ Ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասվում է.

«Հայկական ժամանակ» օրաթերթը արդեն մի քանի օր լուրեր է տարածում բարձրաստիճան ոստիկանների կողմից ստեղծված ու ղեկավարվող ինչ-որ ֆինանսական բուրգի բացահայտման մասին:Ոստիկանությունը նման ինֆորմացիայի չի տիրապետում և տեղեկատվություն ունեցողներին առաջարկում է տրամադրել իրենց ձեռքի տակ ունեցած բոլոր տվյալները: Հավաստիացնում ենք, որ գործին պատշաճ ընթացք կտրվի, և հասարակությունը մեկ անգամ ևս կհամոզվի, որ ոստիկանությունը լիարժեք կատարում է օրենքով նախատեսված իր խնդիրները:

Ինչ վերաբերում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելուն, ինչը այս օրերին լայնորեն քննարկվում է զանգվածային լրատվամիջոցներում, ապա ասենք, որ դա աշխատանքային մոտեցում է և լիովին տեղավորվում է ոստիկանության բարեփոխումների տրամաբանության և կադրային քաղաքականության շրջանակներում: Ոստիկանության համար սկզբունքային է ծառայության և բիզնեսի համատեղման բացառումը, այսպես ասած՝ սերտաճումը հասարակության որոշակի շերտերի հետ, ինչը անխուսափելի է նույն տեղում տևական աշխատանքի դեպքում ու բացասաբար է ազդում օպերատիվ իրավիճակի և ծառայողական գործունեության արդյունքների վրա:

Տվյալ դեպքում, մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երևան քաղաքի կայազորի աշխատանքի արդյունավետությունը նվազել է, ինչն անթույլատրելի է, և պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեին իրավիճակը շտկելու համար: Ոստիկանությունը կարևորում է իր առաքելության լիարժեք իրականացումը, իսկ մնացածը անհիմն և անիմաստ խոսակցություններ են»:

Share