Բաժին. Պաշտոնական

ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿՍՏՈՒԳԻ ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՓԱՍՏԸ

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 2013թ. ապրիլի 10-ի որոշմամբ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի դիմումի հիման վրա հարուցվել է վարույթ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կամ իր պաշտոնական լիազորությունների իրականացման ընթացքում շահերի բախման իրավիճակում գտնվելու վերաբերյալ փաստերը ստուգելու նպատակով: Միաժամանակ, նույն որոշմամբ հանձնաժողովն առաջարկել է Գագիկ Խաչատրյանին քննարկվող հարցի վերաբերյալ 10-օրյա ժամկետում ներկայացնել իր առարկությունները և բացատրությունները:

Հարկ է հիշեցնել, որ 2012թ. դեկտեմբերի 17-ին ԹԻՀԿ-ը, հիմք ընդունելով Հայկական ժամանակ օրաթերթի 2012թ. հոկտեմբերի 18-ի համարում (#180/3104/) հրապարակված «Մենքումերոնքով աշխատում են» և «Պայքարի իրական մարտիկը» հոդվածները, դիմում է ներկայացրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով:

Հոդվածներն անդրադառնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից իրականացվող կամ «վերահսկվող» ձեռնարկատիրական գործունեությանը: Ըստ թերթի հրապարակման՝ Գագիկ Խաչատրյանին է պատկանում ՀԴՄ կտրոնների թուղթ մատակարարող «Ալեքսերվ» ընկերությունը, որը, հաղթելով այդ ապրանքի մատակարարման մրցույթում, այս տարվա ապրիլ ամսին Գնումների աջակցման կենտրոն ՊՈԱԿ-ի հետ կնքել է շրջանակային պայմանագիր: 

Բացի այդ, ըստ թերթի վերոնշված հրապարակումների` պետական եկամուտների կոմիտեի նախագահի անվան հետ են կապվում նաև այլ ընկերություններ, ինչպես օրինակ, Ապեյրոն ՍՊԸ-ն (սննդամթերքի ներկրում), Մեգաֆուդ ՍՊԸ-ն (սննդամթերքի ներկրում և արտադրություն), «Գալաքսի» սուպերմարկետը, Մեգա մոթորս ՍՊԸ-ն («Միցուբիշիի» ներկայացուցիչը ՀՀ-ում), Սանտա ֆե սրճարանը, Գալաքսի հացի գործարանը, Մեգա սպորտ խանութների ցանցը, Խրոնոգրաֆ թանկարժեք ժամացույցների խանութ-սրահը, Չիմեգ ՍՊԸ-ն, Յուքոմ ընկերությունը (արբանյակային հեռարձակում, ֆիքսված հեռախոսակապ, ինտերնետ), Ամասիայի կաթի գործարանը, Ալյանս մաքսային տերմինալը և այլն: 

ԹԻՀԿ-ը, դիմելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, խնդրել էր իր լիազորությունների շրջանակում ստուգել հրապարակումներում նշված փաստերի իսկությունը, պարզել՝ առկա է արդյո՞ք շահերի բախման իրավիճակ կամ նման ռիսկ պաշտոնավարման և միաժամանակ ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքում, ներդրումները կառավարելիս չեն օգտագործվել արդյո՞ք պաշտոնական դիրքը և լիազորությունները:

Share