Բաժին. Պաշտոնական

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ՔՈՒՎԵՅԹ ԿԱՊԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ԱԺ պատգամավորները հանդիպել են Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդի գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպման շրջանակներում Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ այս հանդիպումը կնպաստի միջպետական ու խորհրդարանական հարաբերությունների էլ ավելի զարգացմանը: Նրա գնահատմամբ՝ ստեղծված է մեծ ներուժ, առկա են բոլոր հնարավորությունները՝ քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերի խթանման ու այդ ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացման համար: Միջխորհրդարանական կապերի զարգացման առումով նա կարեւորել է բարեկամական խմբերի հետեւողական աշխատանքն ու փոխայցերի ակտիվացումը:

Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդն իր հերթին համոզմունք է հայտնել, որ երկու ժողովուրդների բարեկամական հարաբերություններն ավելի կամրապնդվեն երկու երկրների համար փոխշահավետ տնտեսական ու քաղաքական կապերի զարգացմամբ:  Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդը Հովիկ Աբրահամյանին պաշտոնական այցով հրավիրել է Քուվեյթ:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաեւ տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարներին ու հնարավոր ներդրումներին: Հովիկ Աբրահամյանը հավաստիացրել է, որ Հայաստանի հարկային դաշտը լիբերալ է ու նպաստավոր ներդրումների համար: Ինչ վերաբերում է կոնկրետ քայլերին, նա առաջարկել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներում կամ Քուվեյթ կատարելիք իր այցի շրջանակներում պատվիրակության կազմում ընդգրկել նաեւ գործարարների, որոնք համատեղ քննարկումների արդյունքում կհստակեցնեն իրենց անելիքները եւ կոնկրետ քայլեր կձեռնարկեն:

Share