Բաժին. Պաշտոնական

ՊԵԿ. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՀՔԾ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

17.06.2013թ. ՀՀ հատուկ քննչական ծառայության կայքում զետեղված տեղեկատվության առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ 2010թ. հուլիսի 16-ին ԻԻՀ քաղաքացի Արմոն Շամավոնի Օհանջանյաննամագերդին մաքսանենգությամբ` մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով ՀՀ տարածք է տեղափոխել խոշոր չափերի` 12.477.120 ՀՀ դրամ արժողության, 4215 կգ ընդհանուր կշռով` պիստակ, սիսեռ, նաբաթ, դդմի կորիզ և նուշ, նույն օրը` դեպքը հայտնաբերելուց հետո, մաքսանենգության առարկա հանդիսացող նշված ապրանքները ի պահ են հանձնվել «Ուրարտու» ՍՊ ընկերության մաքսային պահեստ: Դեպքի հաջորդ օրը` 2010թ. հուլիսի 17-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, իսկ նշված ապրանքները 20.07.2010թ. ճանաչվել են որպես իրեղեն ապացույց: Քրեական գործի նախաքննությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված երկամսյա ժամկետում ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն` մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու համար: 2010թ. սեպտեմբերի 28-ին հսկող դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Դատարանի կողմից 2010թ. հոկտեմբերի 27-ին կայացվել է մեղադրական դատավճիռ: Քրեական գործի ընթացքը լուծվել է սահմանված ժամկետներում:

«Երևանի «Ուրարտու» արտադրական միավորում մսի կոմբինատ» ԲԲ ընկերությունը մաքսային պահեստում ապրանքների պահպանության  լիցենզավորվող գործունեություն իրականացրել է մինչև 2011թ հոկտեմբերի 10-ը:  Այդ պահից սկսած «մաքսային պահեստ» ռեժիմով ձևակերպված ապրանքները նշված տարածքում չեն պահպանվել:

«Մաքսային և ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանության գործունեության» լիցենզիան լիցենզավորող մարմնի` ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի կողմից տրամադրվել է սահմանված կարգով` օրենսդրությամբ պահանջվող պայմանների առկայության վերաբերյալ համապատասխան մարմինների, մասնավորապես` ՀՀ առողջապահության նախարարության Պետական սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Էրեբունի և Նուբարաշեն կենտրոնի թիվ 02Վ-203 տեղեկանքի հիման վրա:

Ընդ որում, լիցենզիայի տրամադրման համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ, հակահրդեհային, տարածքի պահպանության պահնորդաազդանշանային և այլ անհրաժեշտ պայմանների վերաբերյալ տեղեկանքներ տրամադրած մարմիններն իրենք են պարբերաբար կամ ըստ անհրաժեշտության իրականացնում իրենց պատասխանատու հսկողության ենթակա իրավիճակների ստուգումները և խախտում հայտնաբերելու դեպքում ձեռնարկում համապատասխան միջոցներ:

Վերը շարադրված փաստերի առկայության պարագայում տարակուսանք է առաջացնում «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության աշխատակիցների կողմից պետությանն անզգուշությամբ 15.596.400 ՀՀ դրամի ծանր հետևանքներ առաջացնող վնաս պատճառելու» որակումը, մաքսային պահեստում ապրանքների պահպանության  գործունեություն իրականացնող կազմակերպության աշխատակիցներին ՊԵԿ-ի մաքսային ծառայության աշխատակիցներից չտարբերակելը, ինչպես նաև մինչև գործի նախաքննության ավարտը  նման հաղորդագրության տարածումը:

Share