Բաժին. Պաշտոնական

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ԼԵՀԱՍՏԱՆ

Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԼՀ Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ:

Նախագահի Մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Հայաստանի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի են ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի և Բրոնիսլավ Կոմորովսկու երկկողմ, ապա ընդլայնված կազմով բանակցությունները, որին հաջորդել է երկու երկրների միջև մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ փաստաթղթերի ստորագրման արարողությունը:

Մասնավորապես, ստորագրվել են՝ ՀՀ կառավարության և ԼՀ կառավարության միջև միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին համաձայնագիր, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և ԼՀ մաքսային ծառայության միջև մաքսային իրավախախտումների դեմ պայքարի և գործընկերային հարաբերությունների զարգացման մասին փոխըմբռնման հուշագիր, ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ԼՀ գյուղատնտեսության և գյուղի զարգացման նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր, ՀՀ բնապահպանության նախարարության և ԼՀ բնապահպանության նախարարության միջև բնապահպանության բնագավառում համագործակցության վերաբերյալ մտադրությունների մասին հռչակագիր:

Այցի շրջանակներում ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել նաև Լեհաստանի Սենատի նախագահ (մարշալեկ) Բոգդան Բորուսևիչի և վարչապետ Դոնալդ Տուսկի հետ:

Բոգդան Բորուսևիչի հետ հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը երկու երկրների միջև հարաբերությունների սերտացման գործում մեծապես կարևորել է միջխորհրդարանական կապերի ամրապնդումն ու խորհրդարանականների ակտիվ փոխգործակցությունը: Զրուցակիցներն ընդգծել են նաև ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը, ինչպես նաև լեհահայ համայնքի դերը երկու երկրների և բարեկամ ժողովուրդների հարաբերությունների ամրապնդման գործում:

Հանրապետության Նախագահը և վարչապետ Դոնալդ Տուսկը գոհունակությամբ են արձանագրել, որ երկկողմ հարաբերություններում զգալի առաջընթաց է արձանագրվել. տեղի են ունեցել հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի նիստեր, գործարար համաժողովներ, աշխուժացել է համագործակցությունը միջգերատեսչական մակարդակում: Նրանք միաժամանակ ընդգծել են, որ համագործակցության ներուժը դեռևս իրացման լայն հնարավորություններ ունի, հատկապես՝ առևտրատնտեսական ոլորտում:

Հանդիպմանը զրուցակիցները կարևորել են երկու երկրների կառավարությունների և գործադիր իշխանության տարբեր գերատեսչությունների միջև փոխգործակցության սերտացումը, քննարկել՝ Հայաստանում Լեհաստանի բիզնես ներկայացվածության ավելացման հեռանկարին վերաբերող հարցեր:

Հայաստանի Նախագահը և Լեհաստանի վարչապետն անդրադարձել են նաև Հայաստանի՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ընթացքին, Հայաստանում իրականացվող համապարփակ բարեփոխումների գործընթացին:

Share