Բաժին. Պաշտոնական

ՆԱԽԱԳԱՀ. «ԵՎՐՈՊԱՆ ՈՄԱՆՑ ՀԱՄԱՐ ԴԵՌԵՎՍ ՄԻԱՅՆ ՇՈՒԿԱ Է ԵՎ ՈՉ ԹԵ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ»

Եվրոպան, ցավոք, ոմանց համար դեռևս միայն շուկա է և ոչ թե արժեհամակարգ: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Լեհաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Իր խոսքում Սերժ Սարգսյանը նշել է. «Հիրավի, զավեշտական է, երբ մեր մի հարևանը, որը հայտարարում է եվրոպական ուղին որդեգրելու մասին, զուգահեռաբար հերոսացնում է էթնիկ հողի վրա ստոր մարդասպանություն գործած սրիկային, սպառնում է հարվածել քաղաքացիական օդանավերին, պատերազմով զրկել հազարամյակներով իր հողի վրա ապրող ժողովրդին այդ իրավունքից: Մեր մյուս հարևանը` Թուրքիան, որ դարձյալ ձգտում է դեպի Եվրոպա և հանդիսանում է ԵՄ մաքսային միության անդամ, մեր անկախության առաջին իսկ օրերից փակել է մեր սահմանը և հրաժարվում է 21-րդ դարում հարևանների միջև այդքան առօրեական համարվող հարաբերություններից: Եվրոպայի հետ մեր վարած բանակցությունների առանցքն է շուկաների փոխադարձ հասանելիությունը, մարդկանց տեղաշարժի ազատությունը, բայց միևնույն ժամանակ Հայաստանի սահմանը ԵՄ մաքսային միության հետ մնում է փակի տակ: Մենք ակնկալում ենք դրա անընդունելիության լիարժեք և հստակ գնահատական»:

Share