Բաժին. Պաշտոնական

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԲԱԶՄԱԹԻՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՎԵԼ ՆՈՐ ԳՈՐԾ ՀԻՄՆԵԼՈՒ ԵՎ ԵԿԱՄՈՒՏ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ»

Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն Զամոսչի քաղաքապետարանի «Կոնսուլատ» դահլիճում հանդիպում է ունեցել լեհահայ համայնքի պատվիրակների հետ: Հանրապետության Նախագահը հանդիպման մասնակիցների առջև հանդես է եկել ելույթով:

Իր խոսքում Նախագահը նշել է, որ Հայաստանը և Սփյուռքը ուժեղ են միասնաբար` ուս ուսի տված: «Մենք Հայաստանում մեզ ավելի զորեղ ենք զգում՝ մեր մեջքին ունենալով Սփյուռքի ուժը: Վստահ եմ, որ նույն կերպ էլ դուք եք զգում Հայաստանի Հանրապետության ներկայությունը, ձեր անկախ ու ազատ Հայաստանի գոյությունը: Ուստի ցանկանում եմ հորդորել ձեզ` որպես Սփյուռքում ապրող հայության մի հատված` առավել ակտիվ ներգրավվելու համազգային խնդիրների լուծման գործում», – ասել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով. «Հայաստանն առանց Սփյուռքի և Սփյուռքն առանց Հայաստանի հնարավոր չէ պատկերացնել»:

Սերժ Սարգսյանը լեհահայ համայնքի ներկայացուցիչներին հորդորել է հաճախ գալ Հայաստան, ականատեսը լինել առկա առաջընթացի, ծանոթանալ դեռևս լուծում չստացած խնդիրներին և կիսվել սեփական մոտեցումներով. «Պատրաստ ենք լսելու յուրաքանչյուրին, ով` ի բարօրություն մեր Հայրենիքի որևէ գործ է կատարում Հայաստանում, ով` ի բարօրություն մեր Հայրենիքի որևէ գործ է կատարում արտերկրում: Վստահեցնում եմ` նաև Հայաստան ձեր այցելություններով են դրական փոփոխություններ ու զարգացումներ տեղի ունենում: Այսօր մեր երկրում բազմաթիվ հնարավորություններ են ստեղծվել նոր գործ հիմնելու և եկամուտ ստանալու համար», – վստահեցրել է Սերժ Սարգսյանը:

Share