Բաժին. Պաշտոնական

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖԻԼԻՊԻՆՆԵՐԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆիլիպինների Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեխանդրո Մոսկերան (նստավայրը՝ Մոսկվա):

Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նա մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու տարիներին, օգտագործելով առկա ներուժը, իր անձնական ներդրումը կունենա Հայաստանի և Ֆիլիպինների միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում խթանելու և ընդլայնելու ուղղությամբ: Սերժ Սարգսյանի խոսքով, Հայաստանը կարևորում է Ֆիլիպինների հետ հարաբերությունների խորացումը և պատրաստակամ է դրան միտված  համատեղ նախաձեռնությունների և ծրագրերի իրականացմանը:

Հանդիպմանը դեսպան Ալեխանդրո Մոսկերան վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորը, որպեսզի հետևողական և համատեղ աշխատանքի արդյունքում երկու երկրների միջև հարաբերությունները նոր որակ ստանան:

Share