Բաժին. Պաշտոնական

Վիետնամում հիմնվել է ՀՀ դեսպանություն

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում (ՎՍՀ) ՀՀ նորանշանակ դեսպան Ռաիսա Վարդանյանն իր հավատարմագրերն է հանձնել ՎՍՀ նախագահ Չիոնգ Տան Շանգին։ 

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ ՎՍՀ նախագահ Չիոնգ Տան Շանգը ընդգծել է, որ Հանոյում ՀՀ առաջին ռեզիդենտ դեսպանի նշանակումը պատմական իրադարձություն է երկու երկրների համար։ ՎՍՀ նախագահը վստահություն է հայտնել, որ Հանոյում ՀՀ դեսպանության հիմնումը նոր թափ կհաղորդի երկու ժողովուրդների միջև դեռևս խորհրդային տարիներից եկող և ամուր հիմքեր ունեցող բարեկամական կապերին։ 

Դեսպան Վարդանյանը նշել է, որ իր բոլոր ջանքերն ուղղված են լինելու երկու երկրների միջև տարբեր ուղղություններով համագործակցության զարգացմանը։

Զրույցի ընթացքում շեշտվել է երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ներուժն օգտագործելու անհրաժեշտությունը, առանձնակի կարևորվել է միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացումը: 

Վիետնամի ժողովրդի անունից Նախագահ Չիոնգ Տան Շանգը իր խորին երախտագիտությունն է հայտնել հայ ժողովրդին՝ իր երկրի համար դժվարին տարիներին ստացած աջակցության և օժանդակության համար։  Միաժամանակ, նա նշել է, որ Վիետնամի կառավարությունը երախտապարտ է խորհրդային տարիներին Հայաստանի տարբեր ուսումնական հաստատություններում ՎՍՀ քաղաքացիների բարձրորակ ուսուցումը կազմակերպելու համար։ Նա հույս է հայտնել, որ այդ շրջանավարտների մի մասը կարող է կամուրջ հանդիսանալ երկու երկրների միջև տարաբնույթ հարաբերություններ հաստատելու և զարգացնելու գործում։

Հանդիպման ավարտին նախագահ Չիոնգ Տան Շանգը հաջողություններ է մաղթել ՀՀ նորանշանակ դեսպանին՝ իր առաքելությունն իրականացնելու գործում՝ խոստանալով Վիետնամի ղեկավարության աջակցությունը։

Share