Բաժին. Պաշտոնական

Իտալիան շահագրգռված է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացմամբ

Իտալիայում կայացել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Իտալիայի արտգործնախարար Էմմա Բոնինոյի հանդիպումը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ հանդիպմանը Նախարար Բոնինոն նշել է, որ Իտալիան շահագրգռված է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության առավել զարգացմամբ և պատրաստ է գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

Նախարարներ Նալբանդյանն ու Բոնինոն բովանդակալից զրույց են ունեցել տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիների վերաբերյալ։ Հայաստանի և Իտալիայի արտգործնախարարությունների ղեկավարները շեշտել են բարձրաստիճան փոխայցելությունների, քաղաքական երկխոսության խթանման կարևորությունը, ԱԳՆ-երի միջև խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացման կարևորությունը: Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման համար առկա է համապատասխան իրավապայմանագրային դաշտ և տնտեսական կապերի աշխուժացման միտում:

Երկուստեք կարևորվել է գործարար համաժողովների կազմակերպումը։ Քննարկվել է 2015թ.-ին Միլանում կայանալիք համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը։

Էդվարդ Նալբանդյանն ու Էմմա Բոնինոն անդրադարձել են նաև Հայաստանի և Իտալիայի միջև միջխորհրդարանական, ապակենտրոնացված, մշակութային, կրթական և գիտական բնագավառներում հաստատված համագործակցությանը։

Բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերությունները, Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում փոխգործակցությունը։ Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության համատեքստում մտքեր են փոխանակվել ԵԽ օրակարգային հարցերի շուրջ։

Իր իտալացի գործընկերոջ խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։

Հայաստանի և Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի հանգուցալուծման նպատակով գործադրվող ջանքերի, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ։

Share