Բաժին. Պաշտոնական

Կայացել է Հայաստանի արտգործնախարարի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին: Նախարարության Մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի դիվանագիտության ակտիվ ներգրավվածությունը միջազգային բազմակողմ գործընթացներում։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել սիրիական ճգնաժամի, դրա հետևանքով փախստականների արտահոսքի վերաբերյալ։ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը հյուրընկալել է տաս հազարից ավել սիրիահայերի, իսկ Սիրիայի ժողովրդի անբաժանելի մասը կազմող տասնյակ հազարավոր սիրիահայեր շարունակում են ապրել ճգնաժամի պայմաններում։

Հայաստանի արտգործնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել են սեպտեմբերի 27-ին Անվտանգության խորհրդում սիրիական քիմիական զենքի վերաբերյալ միաձայն ընդունված բանաձևը և կարևորել հակամարտության քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակումը։

Էդվարդ Նալբանդյանն ու Բան Կի-մունը անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացին։ Նախարար Նալբանդյանը ներկայացրել է հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը։

Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության համատեքստում նախարար Նալբանդյանը նշել է, որ ՄԱԿ-ը և Եվրոպայի խորհուրդը հանդիսանում են առանցքային գործընկերներ մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների պաշտպանության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ պայքարում, որոնք համաեվրոպական այդ կառույցում Հայաստանի նախագահության առաջնայնություններից են։

Անդրադառնալով ՄԱԿ-ի բարեփոխումների գործընթացին՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը սատարում է ՄԱԿ-ի ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը: «Մենք աջակցում ենք ՄԱԿ-ի բարեփոխումների գործընթացին և պատրաստ ենք մեր ներդրումը բերելու այդ գործին: Հավատում ենք, որ բարեփոխումները հնարավորություն են ընձեռում ընդլայնելու կազմակերպության դերը՝ միջազգային հանրության առջև ծառացած առանցքային խնդիրներին լուծումներ գտնելու համար»,- ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը։

Share