Բաժին. Պաշտոնական

ՀՀ գլխավոր դատախազի «թեկնածուն» խոստանում է պայքարել կոռուպցիայի դեմ

Մեր երկրի արդարադատության համակարգը բարեփոխման կարիք ունի: Ազգային ժողովի նիստում նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ գլխավոր դատախազի «թեկնածու» Գևորգ Կոստանյանը՝  հավաստիացնելով, որ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվելու դեպքում իր նպատակն է լինելու կոռուպցիայի դեմ անզիջում պայքարը, թույլ չի տալու, որ որեւէ դատախազ զբաղվի քաղաքականությամբ, և ամեն ինչ անելու է՝ ապահովելու օրենքի առջև բոլորի հավասարությունը:

Գևորգ Կոստանյանը, Ազգային ժողովին ներկայացնելով դատախազության գործունեության արդյունավետ կազմակերպման իր պատկերացումները, նշել է, որ Սահմանադրությամբ ՀՀ գլխավոր դատախազին վերապահված 6 լիազորություններից անգամ մեկի թերացման դեպքում վտանգվում է արդարադատությունը, պետության և քաղաքացու անվտանգությունը: Ըստ նրա՝ եթե երկրի տնտեսական վիճակը կարող է պայմանավորված լինել օբյեկտիվ պատճառներով, ապա ժողովրդավարական պետություն կառուցելու, արդարադատություն իրականացնելու ճանապարհին բոլոր խոչընդոտները սուբյեկտիվ են. բարեկեցիկ պետություն հնարավոր է կառուցել միայն ժողովրդավարական արժեքների ամրապնդմամբ:

Նշենք, որ ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջարկել է Գևորգ Կոստանյանի թեկնածությունը, և Ազգային ժողովը պետք է քննարկի նրա նշանակման հարցը:

Share