Բաժին. Պաշտոնական

Նախարարն ընդունել է Հայաստանում նորաբաց Ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտի պատվիրակությանը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Հայաստանում նորաբաց Ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտի պատվիրակությանը:

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը նախարարը, ողջունելով բուհի գործունեությունը Հայաստանում,  նշել է, որ այն նոր հնարավորությունններ է բացում հայ ուսանողների համար: Արմեն Աշոտյանի խոսքով` ճարտարագիտական կրթությունը Հայաստանում դրված է լավ ավանդույթների վրա. ներկայիս կրթական ոլորտը, ըստ նախարարի, խորհրդայինից վերցրել է այն լավագույնը, որ կար այդ համակարգում:

Արմեն Աշոտյանը շեշտել է, որ մեր երկիրը Ֆրանսիայի հետ ունի արդյունավետ համագործակցության փորձ` ընդգծելով Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործունեությունը: Նախարարը համալսարանի ապագա գործունեության ընթացքում կարևորել է գիտահետազոտական բազայի առկայությունը` այն համարելով որակյալ կրթության կարևոր բաղադրիչ: Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև կրթություն-աշխատաշուկա, համակարգում մասնավոր հատվածի ներգրավման և  ներդրումների անհրաժեշտության խնդիրներին: Նախարարը հյուրերին ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Հայաստանն առաջիկա երեք տարիներին ստանձնել է Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը` այսպիսիով դառնալով եվրոպական միասնական կրթական տարածքում իրականացվող բարեփոխումների պատասխանատու երկիր:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են բուհի հավատարմագրման գործընթացի անցկացման և ավարտական փաստաթղթերի ճանաչման հարցերը:

Նշենք, որ Ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտը, համագործակցելով ֆրանսիական լավագույն ինժեներական բուհերի հետ, 2013-14 ուսումնական տարվանից իր դռներն է բացել հայ ուսանողների համար:

Share